Փետրվարի 26-ին «My Forest Armenia»-ի
Բնապահպանական կրթություն ծրագրի
շրջանակներում մեկնարկեցինք առաջին դասընթացը «Անտառային սերմնաբուծություն» թեմայով։ Լոռվա մարզի 3 համայնքներից կազմակերպության շուրջ 17 աշխատակից մասնակցեց դասընթացին, որն անցկացվում էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։
Դասընթացավար Գագիկ Ամիրյանը, ով փարձառու անտառագետ է, ոլորտում իր ունեցած փորձով հայտնի է Կովկասյան տարածաշրջանում, հանդիսանում է մեր տնկարանների ղեկավարը, ինչպես նաև դասավանդում է վերը նշված համալսարանում, պատրաստել էր բավականին համապարփակ և ինտերակտիվ նյութ սերմնաբուծության թեմայով։ Եռօրյա այս դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան բարձր որակի ծառերի տարբերակման, պատշաճ սերմնահավաքման, մշակման, տեստավորման, փաթեթավորման և պահպանման նրբություններին ըստ տարածաշրջանների կլիմայական և բիոէկոլոգիական առանձնահատկությունների և որակի։
Այս դասընթացը կազմակերպելով՝ «My Forest Armenia»-ն մասնակիցների համար ստեղծեց կրթական մի աննախադեպ հնարավորություն, որի շնորհիվ նրանք կարողացան զարգացնել իրենց գիտելիքներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են․
անտառային սերմնաբուծությունը,
սերմերի նախացանքսային մշակումը,
տնկանյութի աճեցումն անտառային տնկարանում,
տնկարաններում անվտանգության տեխնիկան և աշխատանքի պահպանությունը։
Դասընթացն ամբողջությամբ ուղղված էր նպաստելու, որպեսզի մասնակիցներն ավելի մասնագիտական մոտեցում ցուցաբերեն իրենց աշխատանքում։
Անհրաժեշտ է նշել, որ հետևելով իր բնապահպանական առաքելությանն ու իր տեսլականին, «My Forest Armenia»-ն նաև կարևոր սոցիալական նշանակություն ունի։ Ստեղծելով նոր աշխատատեղեր՝ այն զգալի ազդեցություն է ունենում այն համայքների զարգացման գործում, որտեղ հիմնում ենք տնկարաններ և սկսում անտառապատման մեր աշխատանքները։