Մեր երեխաների առաջին հանդիպումն անտառի հետ տեղի է ունենում հեքիաթների կախարդական աշխարհում։ Նրանց աչուկները փայլում են՝ լսելով անտառի բնակիչների մասին։ Նրանք երազում են հայտնվել այդ զարմանահրաշ աշխարհում, և չեն էլ կարող պատկերացնել, որ այսօր անտառները մեծ վտանգի տակ են։ Ուրախալի է, որ ծնողներն արդեն այսօր գիտակցում են այդ վտանգն ու հոգում իրենց երեխաների կայուն ապագայի համար։
Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ՝ իրենց երեխաների անունով ամեն ամիս ծառ նվիրաբերող ծնողներին ու իրենց փոքրիկներին հրավիրել էինք Ջրաշենի անտառապատման տարածք։ Այստեղ մի գեղեցիկ շրջանակ ենք տեղադրել «Մեծանում ենք միասին» խորագրով, որպեսզի երեխաներն ամեն տարի լուսանկարվեն նորատունկ ծառերի ֆոնին ու մեծանան իրենց անտառի հետ։
«Մեր առաջնեկը ծնվեց Covid-19-ի ժամանակ, երբ առավել զգացվում էր աշխարհին սպառնացող վտանգների սաստկությունը նաև էկոլոգիական իմաստով։ Հենց այդ ժամանակ «Իմ անտառ Հայաստանը» սկսեց առաջարկել ամեն ամիս ծառ նվիրելու հնարավորությունը, և իմ ու ամուսնուս մոտ միաժամանակ ծնվեց մեր որդու համար ամեն ամիս ծառ տնկելու միտքը,» — պատմում է մեր ամսական նվիրատուներից Անին։ «Շատ ենք ոգևորվում՝ հաշվելով, թե քանի ծառ տնկած կլինի Անդրանիկը Հայաստանի անտառներում, երբ չափահաս դառնա։ Մեր տնկածն իհարկե չի հասնի հեկտարի, բայց եթե էլի ծնողներ միանան, մեր երեխաները հեկտարներով անտառներ կունենան 20-25 տարի հետո։»- ասում է Անին։
Ջրաշենում տնկած ծառերը դեռ այնքան փոքր են, որ հազիվ են երևում խոտերի արանքից։ Երեխաների մեծանալուն համընթաց այս տնկիները նույնպես կմեծանան ու անտառ կդառնան՝ ներառելով կենսաբազմազանության այն բոլոր «հրաշքները», որոնց մասին իրենց պատմել ենք հեքիաթներում։
Երեխաների պաշտպանությունն սկսվում է այն միջավայրից, որտեղ նրանք ծնվում ու հասակ են առնում։ Շրջակա միջավայրի խնդիրներն անմիջականորեն անդրադառնում են մեր երեխաների առողջության ու կյանքի որակի վրա։ Հոգալով շրջակա միջավայրի համար՝ հոգում ենք մեր երեխաների համար։ Իհարկե, իրենց երեխաների անունով առաջին ծառեր տնկողները մեր աշխատակիցներն էին։ Այսօր մեզ ուրախացնում է այն, որ «Իմ անտառ Հայաստան»-ի ամսական նվիրատուներին միանում են բազմաթիվ ծնողներ, ում մենք նաև տրամադրում ենք տնկված ծառերի մասին հավաստագիր։ Դուք էլ կարող եք միանալ նրանց՝ նվիրատվություն կատարելով ամեն ամիս տնկել ծառեր ձեր երեխաների անունով։