logo
326.000 ԾԱՌ ԱՅՍ ԳԱՐՆԱՆԸ
գարնանային ծառատունկ 2023։ Իմ անտառ Հայաստան

գարնանային ծառատունկ 2023։ Իմ անտառ Հայաստան-1

Հիմա, երբ ավարտել ենք այս գարնան անտառտնկման աշխատանքները, հպարտ ենք նշել, որ գարնանը տնկել ենք 326.790 ծառ։ 2022 թվականին, երբ արդեն ռեկորդային քանակով ծառեր էինք տնկել, հայտարարեցինք, որ 2023 թվականին կրկնապատկելու ենք ծառերի տնկման տարեկան քանակը՝ հասցնելով 800․000-ի։ Գարնանային անտառտնկման արդյունքներն ամփոփելով՝ վստահ ենք, որ հասնելու ենք այդ նպատակին։

գարնանային ծառատունկ 2023։ Իմ անտառ Հայաստան-2

Ինչպես գիտեք, բաց արմատային համակարգով տնկիները կարելի է տնկել միայն քանի դեռ դրանք չեն «արթնացել»։ Այդ է պատճառը, որ գարնանն ավելի քիչ ժամանակ ունենք տնկման համար, քան աշնանը։ Հայաստանում ձմեռը կարող է երկար տևել, և դեռևս ապրիլին սարերը ձնածածկ լինեն, ու հանկարծ մի քանի օրում ջերմաստիճանը բարձրանա 20°C-ի՝ խթանելով բույսերի հյութաշարժը։ Այսպիսին էր իրավիճակն անցյալ տարի։ Բարեբախտաբար այս տարի բնությունը մեզ թույլ տվեց անտառտնկումն սկսել արդեն մարտի սկզբին։ Չնայած տեղումների պատճառով մի քանի օր աշխատանքի ընդհատմանը՝ հաջողեցինք տնկել կրկնակի քանակով ծառեր 2022-ի գարնան համեմատ։ 


գարնանային ծառատունկ 2023։ Իմ անտառ Հայաստան-3գարնանային ծառատունկ 2023։ Իմ անտառ Հայաստան-4


Նոր Անտառներ՝ Նոր տարածքներ։ 

Այս գարնանը տնկեցինք 116 հա Լոռու մարզում Ուրասարի անտառտնկման մեր տարածքում։ 

 Իր 360 հեկտարով այս տարածքը երեք անգամ ավելի մեծ է, քան մեր մյուս տարածքները։ Ավելին, սա նաև կատարյալ տարածք է նոր անտառի կայացման առումով։ Բարձրությունը 1700-2000մ է՝ հիմնականում հյուսիսահայաց, հողի որակը գերազանց է, ինչը թույլ է տալիս տնկել տարատեսակ լայնատերև ծառեր ու թփեր: Դրա շնորհիվ այս գարնաննայնտեղ տնկեցինք կաղնու, վայրի խնձորի, թխկու, սոճու և տարբեր թփերի տնկիներ։


Անտառ տնկող մարդիկ

գարնանային ծառատունկ 2023։ Իմ անտառ Հայաստան-5

Ուրասարը յուրահատուկ տարածք է, որը բազմաթիվ առավելությունների հետ նաև որոշակի դժվարություններ է ներկայացնում, մասնավորապես հասանելիության առումով։ Լավ տարածք գտնելը հաճախ ենթադրում է հեռանալ բարեկարգ ճանապարհից։ Սա նշանակում է, որ շատ անգամ դեպի այդ տարածքները տանող ճանապարհները շատ վատ վիճակում են կամ ընդհանրապես չկան։ Քանի որ պետք է սպասենք ձյան հալվելուն, երբեմն շատ կարճ ժամանակ ենք ունենում մինչև գարնան սկիզբն ու բույսերի ակտիվանալը։ Սա հատկապես վերաբերում է լեռնային տարածքներին։ Սրան պատրաստվելը մեր աշխատանքի մի մեծ մասն է, քանի որ չենք կարող մեզ թույլ տալ տնկման այս կարճ ժամանակահատվածում անգամ մեկ օր կորցնել ճանապարհային պայմանների պատճառով։ Ստիպված էինք շտկել նեղ ուղիներն այնպես, որ աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսները կամ տնկիները տեղափոխող փոքր բեռնատար մեքենաները կարողանան անվտանգ հասնել տնկադաշտ։ Սա մեծ մարտահրավեր է դառնում, երբ գիտակցում ես, որ 240 հոգի և տասնյակ մեքենաներ պետք է ամեն օր բարձրանան սարն ու իջնեն։ Չնայած այս դժվարություններին՝ մեր աշխատակիցներին հաջողվեց տնկել օրական մոտ 35․000 ծառ՝ «Իմ անտառ Հայաստանին» մոտեցնելով իր տարեկան նպատակին։

գարնանային ծառատունկ 2023։ Իմ անտառ Հայաստան-6

Միևնույն ժամանակ թիկունքում մեր տնկարանների աշխատակիցները ոչ պակաս ժրաջան աշխատանք տարան մեր երկու տնկարաններից ու ջերմոցից պահանջված քանակի տնկիներն «առաջնագիծ» հասցնելու համար։ Վաղ առավոտյան ամեն օր նրանք հողից հանում էին 35․000 տնկի, 50-ական տնկի խնամքով փաթաթում ու կապում թուջե խոնավ կտորների մեջ, բեռնում մեքենաները և ուղարկում տնկադաշտեր։ Մեր աշխատանքի այս հատվածը չի կարելի թերագնահատել․ ամեն ինչ պետք է կատարելապես համադրված լինի։ Այս աշխատանքն ավելի հեշտանում էր ջերմոցի՝ թաղարներում աճեցված տնկիների պարագայում։ Սակայն մյուս կողմից թաղարներով տնկիներն ավելի ծավալային են ու ավելի ծանր՝ սարն ի վեր բարձրացնելու համար։

Ձեր աջակցությունը ոգեշնչում է մեզ

Մեզ քաջալերում է մեր գործընկերների ու բարերարների կամավորական ու դրամական աջակցությունը։ Դա ոգեշնչում է մեզ՝ անելու ավելին և ավելի շատ տարածքներ անտառներով ծածկելու։ Հիշեք նաև, որ անտառտնկող աշխատակիցները խորապես շնորհակալ են իրենց տրամադրված հնարավորույթան համար։ Իրենց տնկած բազմաթիվ ծառերի շնորհիվ նրանք որոշ եկամուտ են ստանում, ինչը բարձրադիր գյուղերում դժվար է։ Դուք նույնպես կարող եք մասնակցել ավելի կանաչ ու ավելի ապահով շրջակա միջավայր ունենալուն ուղղված այս գործին՝ կատարելով ամսական նվիրատվություն 

Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն
Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved