Նոյեմբերի 18-ին, ժամը 19։30-ին, հանրաճանաչ դաշնակահար Հայկ Մելիքյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա հատուկ դաշնամուրային համերգով՝ նվիրված Հայաստանում անտառների ստեղծմանը՝ ի պատիվ լեգենդար Շառլ Ազնավուրի։
Տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթն ուղղակիորեն կուղղվի Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնմանը, որը մնայուն հարգանքի տուրք կլինի նրա ժառանգությանը՝ այս տարի նշվող 100-ամյակի կապակցությամբ։ Այս համերգը նշանավորում է մի շարք դրամահավաք միջոցառումների մեկնարկը, որոնց նպատակն է հավաքել միջոցներ 100 հա անտառ տնկելու համար։ «Ազնավուր» հիմնադրամը դարձել է այս գաղափարի առաջին ջատագովը՝ նվիրաբերելով 14,000 ծառ, որոնք կզբաղեցնեն շուրջ 5 հա անտառային տարածք։
Համերգային ծրագրում ընդգրկված են Գեորգի Գյուրջիևի և Լեոշ Յանաչեկի ստեղծագործությունները, որոնք հոմանիշ են հայեցողական և ոգեշնչող երաժշտության։ Համերգի ընթացքում կհնչի նաև երիտասարդ կոմպոզիտոր Էլեն Յոլչյանի՝ հատուկ այս համերգի համար գրված «Անտառի առեղծվածը» նոր ստեղծագործությունը։ Երեկոյին Հայկ Մելիքյանի կատարմամբ կհնչեն նաև Ազնավուրի երաժշտության մի շարք իմպրովիզացիաներ։ Շառլ Ազնավուրը Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց սրտերում է, և մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բոլորին մասնակցել իր անունը կրող անտառի ստեղծմանը։ Այն կդառնա նրա անվան, նրա լեգենդար երգերի հավերժության խորհրդանիշը և միևնույն ժամանակ կօգնի մեր մոլորակի և Հայաստանի շրջակա միջավայրին։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Արարատ բանկին» միջոցառման գլխավոր հովանավորը լինելու համար՝ թույլ տալով տոմսերի վաճառքի ամբողջ հասույթը ուղղելու ծառատունկին։
Դուք կարող եք վայելել այս բացառիկ համերգը և մասնակցել Շառլ Ազնավուրի անտառի ստեղծմանը։ Տոմսերի արժեքը տատանվում է 3,000 դրամի և 20,000 դրամի սահմաններում, որոնք համապատասխանում են 3-ից 20 ծառի։ Տոմսեր գնելու համար այցելեք tomsarkgh.am կամ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պաշտոնական կայք:
Նրանք, ովքեր չեն կարող ներկա գտնվել համերգին, նույնպես կարող են իրենց ներդրումն ունենալ Շառլ Ազնավուրի անվան անտառի ստեղծմանը՝ նվիրատվություն կատարելով ՝ Իմ անտառ Հայաստանի պաշտոնական կայք «ի պատիվ» դաշտում նշելով «Ազնավուր»։
Այս համերգն առաջինն է Իմ անտառ Հայաստանի կողմից նախաձեռնված «Երաժշտությունը հանուն անտառների» շարքում: Այն կդառնա բարձրակարգ երաժշտություն ներկայացնող պարբերական միջոցառում, որի նպատակն է աջակցել Հայաստանում նոր անտառների ստեղծմանը: