Իմ անտառ Հայաստանը և Կողբ հիմնադրամը միավորվում են՝ վերականգնելու 77 հա անտառ
2024 թվականի սեպտեմբերի 20-ին Holiday Inn հյուրանոցում տեղի ունեցավ «Կողբ» հիմնադրամի և «Իմ անտառ Հայաստան»-ի համատեղ մամուլի ասուլիսը։ Այդ օրը ստորագրեցինք երկարաժամկետ համագործակցության հուշագիր՝ առավելագույնի հասցնելու մեր անտառվերականգնման ջանքերը։
Այս տարի աշխատանքները կտարվեն Տավուշի մարզի Իջևան քաղաքի մոտակայքում․ անտառվերականգնման տարածքը բաժանված կլինի միմյանց հարող երեք հատվածների, որոնք կոչվելու են երեք հայ անվանի մեծերի՝ կոմպոզիտոր Կոմիտասի, գրող Կոստան Զարյանի և նկարիչ Մարտիրոս Սարյանի անուններով։
Մեր կազմակերպության հիմնադիր Անտրէ Գումուշճեանը նշեց Հայաստանում մարդկային գործունեության հետևանքով զգալիորեն դեգրադացված անտառների վերականգնման կարևորությունը՝ կլիմայի փոփոխության աճող սպառնալիքներին դիմակայելու համար։
«Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանն ընդգծեց հայ մշակույթը ներկայացնող ականավոր գործիչներին այս առանձնահատուկ կերպով նշելու իր ցանկությունը, և ցանկություն հայտնեց, որ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը Հայաստանում մշակույթ դառնա։
Միջոցառմանը ներկա էր նաև այս նախաձեռնության ջատագով մաեստրո Տիգրան Մանսուրյանը, ով շնորհավորեց բոլորին. «Ինչպես երեք արվեստագետները հայկական հողի զավակներն են և ներկայացնում են նրա հոգին, ծառերը կլինեն մայր բնության զավակներն ու դեպի երկինք կհառնեն»,- ասաց նա։
Ներկա էր նաև Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ Սոֆյա Սարյանը, ով շնորհակալություն հայտնեց այս նախաձեռնության համար։
Նախագծի շրջանակներում կտնկվի 30,000 ծառ։ ArtForest նախագծին աջակցելու համար նվիրատվություններ կատարեք՝ այցելելով Կողբ հիմնադրամի պաշտոնական էջ