Մայիսի 2-ին, Լոռու մարզի Գուգարք բնակավայրում գտնվող մեր «Պենժամին Գումուշճեան» տնկարանում տեղի ունեցավ նոր՝ 500 մ2 ջերմատան և հակակարկտային ցանցի պաշտոնական բացումը։
Վերջիններս կառուցվել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ՝ Մարդկային Անվտանգության “Grassroots” դրամաշնորհային ծրագրի (GGP) շրջանակներում։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի դեսպան պարոն ԱՈԿԻ Յուտական, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձորի քաղաքապետարանի, Գուգարքի բնակավայրի և Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ։
«Այս նախագիծը նշանակալի դեր ունի Լոռու մարզում բնական աղետների կանխարգելման գործում, ինչպիսիք են հեղեղները և սողանքները։ Ուրախ ենք աջակցել այս նախագծի իրականացմանը»,- իր խոսքում ասաց դեսպան Աոկին։
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն իր խոսքում նշեց. «Մարզպետի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներգրավված կողմերին մեր մարզում այս նոր ներդրման համար։ Այն թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել անտառվերականգնման աշխատանքները: Կարևոր եմ համարում ևս մեկ անգամ ընդգծելու Լոռու մարզպետի աշխատակազմի և «Իմ անտառ Հայաստան» հիմնադրամի ջերմ գործակցությունը անտառվերականգնման տարբեր ծրագրերի շրջանակներում ու վստահեցնելու, որ Լոռու մարզպետի աշխատակազմը մշտապես պատրաստ է աջակցելու բոլոր ողջունելի նախաձեռնություններին»:
Նոր ջերմատունը հնարավորություն կտա արտադրել լրացուցիչ 122,400 փակ արմատային համակարգով տնկիներ։
Այս վերջին համալրումները զգալիորեն կմեծացնեն մեր արտադրական կարողությունները։ Մեր նոր, մեծ ջերմատանը կկարողանանք աճեցնել այնպիսի տեսակներ, որոնք դժվար է աճեցնել տնկարանում, ինչպես նաև կկարողանանք երկարացնել ծառատունկի օրերը՝ աշխատանքն ավելի վաղ սկսել աշնանը և ավելի ուշ ավարտել գարնանը:
Հակակարկտային ցանցը ծածկում է տնկարանի 6600 մ2 մակերես և տպավորիչ լրացում է մեր ենթակառուցվածքներին։ Երիտասարդ տնկիները կարկուտից պաշտպանելուց բացի, այն նաև ամառային ինտենսիվ շոգին կպաշտպանի արևից՝ ապահովելով աճի օպտիմալ պայմաններ:
Ծրագրի դրական ազդեցությունը զգալի է, և մենք ոգևորված ենք, որ այն կընդլայնի Հայաստանի անտառածածկույթն ավելացնելու մեր հնարավորությունները։
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ճապոնիայի դեսպանատանը՝ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված աջակցության և նվիրվածության համար։