«Հյուրերի ծառուղում» տնկվեցին առաջին անվանական ծառերը
Մայիսի 17-ին հյուրընկալեցինք Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանին, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին, նախարարության և մարզպետարանի այլ աշխատակիցների։
Մեր կազմակերպության հիմնադիր տնօրենի՝ Անտրէի հետ պաշտոնյաներն այցելեցին կազմակերպության Ջրաշեն համայնքում գտնվող տնկադաշտ, քայլեցին զառիթափ լանջն ի վեր, որպեսզի մոտենան այնտեղ աշխատող բանվորներին։ Անտրէն և մեր թիմը հյուրերին ծանոթացրին իրականացվող աշխատանքներին, տնկված ծառատեսակներին, ինչպես նաև ծանոթացրին նրանց մեր հաջորդ տնկադաշտի՝ Ջրաշեն 2 տարածքին:
Տնկադաշտում շրջայցից հետո հյուրերի հետ այցելեցինք «Պենժամին Գումուշճեան» տնկարան, որտեղ օրվա խորհրդին ընդառաջ՝ հյուրերի ստեղծվող ծառուղում տնկվեցին առաջին տնկիները․ մենք ընտրել էինք կեչիներ, որոնք գեղեցիկ սպիտակ բներ ունեն, և մեծանալով՝ հրաշալի քայլուղի կդառնան: Այսուհետ կազմակերպության պատվավոր հյուրերն իրենց անվանական ծառերը կտնկեն այս ծառուղում։
Անտրէ Գումուշճեանը շնորհակալություն հայտնեց ներկա պաշտոնյաներին համագործակցելու և աջակցելու պատրաստակամության համար։ Նա նշեց, որ այս գարնանն ավելի քան 183 000 ծառ է տնկվել Ջրաշեն և Շիրակամուտ համայնքներում և Դիլիջան ազգային պարկի տարածքում՝ ներգրավելով 140 աշխատողների։ Անցած աշնանը տնկված 243.000 ծառերի հետ միասին՝ այս սեզոնին ընդհանուր տնկված ծառերի թիվը կազմել է 426.000:
Անտրէն նաև նշեց, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ առավել սերտ համագործակցությունը թույլ կտա տնկել տարեկան շատ ավելի մեծ քանակությամբ ծառեր և աշխատանքով ապահովել տեղի բնակիչներին։
Շրջակա միջավայրի նախարարը շեշտեց, որ անտառների հիմնումը ՀՀ կառավարության ու իր ղեկավարած նախարարության առաջնահերթություններից է, և ակնկալում է, որ ավելի կմեծացնենք անտառապատման մեր ռիթմը։ Լոռու մարզպետի տեղակալն էլ իր հերթին կարևորեց կազմակերպության գործունեությունը և նշեց, որ հողերը, որոնք չեն մշակվել և էրոզիայի վտանգի տակ են, այժմ վերականգնվում են, և հույս հայտնեց, որ տարիներ անց անտառներ կլինեն տարբեր տարածքներում։