183․487 տնկի ապրիլին
Բնությունն արդեն կյանքի շունչ է տալիս մեր տնկիներին, և գարնանային անտառտնկումն ավարտվում է՝ գրանցելով տնկված ծառերի ամենախոշոր քանակն ու ներգրավված մարդկանց ամենամեծ թիվը։
«Իմ անտառ Հայաստան»-ի անտառտնկման տարին բաղկացած է երկու սեզոնից՝ աշնանային անտառատունկ և գարնանային անտառատունկ։ Անցյալ աշնանը մենք տնկեցինք
243․000
ծառ։ 2022 թ․-ի գարնանանը նպատակ ունեինք տնկելու 160․000 սոճի։ Այդպիսով, կհասնեինք կազմակերպության միջնաժամկետ պլանով սահմանված թվին, որը տարեկան 400․000 ծառ տնկելն է։
Հաղթահարելով մարտահրավերները
Ինչպես 2021-ին, այս տարի նույնպես ձմեռն ուշ սկսվեց, և դա կրճատեց տնկման սեզոնը։ Մենք հույս ունեինք այն սկսել մարտի 15-ից, սակայն ձնի առատ տեղումներ սկսվեցին, և սարերը ձնով ծածկված մնացին մինչև ապրիլի սկիզբը։
Վերջապես, ապրիլի 10-ին
սկսեցինք տնկել
։ Բարեբախտաբար, կարողացանք ավելի մեծ թվով մարդկանց վերցնել աշխատանքի, քան նախորդ սեզոններին։ Լոռու մարզի յոթ բնակավայրից ամեն օր 140 մարդ էր գալիս աշխատանքի։ Ամեն օր առավոտից երեկո մեր աշխատակիցները տնկում էին 15․000 ծառ։
Տնկարաններում նույնպես աշխատանքը եռում էր։ Ամեն առավոտ աշխատակիցները 15․000 սոճու տնկի էին հանում հողից, որպեսզի ուղարկեն անտառվերականգնման տարածքներ։ Նրանք խնամքով պատրաստում էին տնկիները, փաթաթելով դրանք ջութե խոնավ կտորների մեջ, որպեսզի արմատները չվնասվեն և պահպանեն խոնավությունը տեղափոխման ընթացքում։
Գերազանցելով սպասումները
Անտառտնկման մեր վերջին օրը ապրիլի 25-ն էր, գարունն արդեն իր լիիրավ դիրքերում էր, և բույսերն արագորեն արթնանում էին քնից՝ բացառելով տնկումը։
Այնուամենայնիվ, շնորհիվ ողջ թիմի խանդավառության ու ջանասիրության՝ մենք գերազանց արդյունքի հասանք։ 119․193 սոճու տնկի և այլ ծառատեսակներ ու թփեր տնկեցինք Ջրաշենի անտառապատման տարածքում, 2․950 սոճի և թփեր տնկեցինք
Դիլիջանի Ազգային Պարկում
, 61․334 սոճի և այլ ծառատեսակներ վերատնկեցինք Շիրակամուտի անտառապատման տարածքում։ Ընդհանուր առմամբ 15 օրում տնկեցինք 183․487 ծառ։
Կամավորները Ջրաշենում
Այս գարնանը մենք ուրախությամբ կամավորներ ընդունեցինք մեր անտառպատման տարածքներում։ Երկու նվիրատու կազմակերպություն՝
Քուեսթրեյդը
և
Իդրամը
, կազմակերպեցին թիմբիլդինգ իրենց աշխատակիցների համար։ Ապրիլի 16-ին եկավ Քուսթրեյդի 55 աշխատակից, իսկ ապրիլի 23-ին՝ Իդրամի 150 աշխատակից։
Մասնակիցներն իսկապես վայելեցին իրենց օրը։ Մասնակցեցին անտառստեղծման տարբեր փուլերին․ տնկում, մուլչապատում, ջրում և այլն։ Մենք ողջունում ենք նման հանրային մասնակցությունը, քանի որ այն օգնում է մարդկանց գնահատելու անտառվերականգնմանն ուղղված ահռելի ջանքերը։ Հուսով ենք՝ ուշ գարնանը և վաղ ամռանն ավելի շատ կամավորներ կմիանան և կօգնեն ջրել տնկիները երաշտի դեպքում։
Խնամքի աշխատանքներ
«Իմ անտառ Հայաստան»-ի գործունեությունը չի սկսվում և ավարտվում տնկելով։ Տնկելուց հետո խնամքը շատ կարևոր է, որպեսզի ապահովվի տնկիների գոյատևելն ու հասուն ծառեր դառնալը։ Մեր աշխատակիցները շուտով կսկսեն յուրաքանչյուր տնկու մուլչապատումը, որպեսզի հողը խոնավ մնա ավելի տաք ու չոր օրերին։
Բոլորս պետք է միանանք
Անտառտնկումն իհարկե մեր աշխատանքի ամենատեսանելի մասն է, բայց մեր թիմն ամբողջ տարին քրտնաջան աշխատում է անտառվերականգնման և անտառապատման ընթացքն ապահովելու համար։ Վերևում նկարագրված գործողություններն իրականություն են դարձել մեր բազմաթիվ առատաձեռն հովանավորների շնորհիվ։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ աջակցության և այս ամենը հնարավոր դարձնելու համար։
Այս տարի մենք անշուշտ հասել ենք կարևոր նշաձողի, բայց չենք բավարարվում դրանով։ Մենք քաջ գիտակցում ենք, որ դեռ շատ բան ունենք անելու այս մոլորակի կլիմայի վրա ազդելու համար։ Մեր նպատակն է կրկնապատկել տարեկան տնկվող ծառերի քանակը մինչև 2025 թվականը։ Դրա համար ավելի մեծ թիմ պետք է ունենանք և իհարկե ավելի մեծ աջակցություն։
Մենք պետք է ակտիվորեն պաշտպանենք անտառները և օգնենք դրանց տարածվել, քանի որ անտառներն առանցքային դեր ունեն Երկրի վրա կյանքը պահպանելու գործում։ Եթե բոլորը մասնակցեն, մենք հեշտությամբ կհասնենք մեր նպատակին և նույնիսկ կգերազանցենք այն։
Եթե դեռ չեք միացել մեզ,
միացե՛ք հենց այսօր
։