Մեր պատմության մեջ առաջին անգամ այս տարի տնկեցինք սոճիներ
Այս շաբաթ մենք տնկեցինք մեր առաջին սոճիները։ 2 տարի առաջ, երբ ցանում էինք սոճիների սերմերը «Պենժամին Գումուշճեան» մեր տնկարանում, լիահույս սպասում էինք այն պահին, երբ սոճիները կդառնան ինքնուրույն՝ ազատ բնության մեջ ապրելու համար։ Այս տարվա ծառատունկին 21,000 սոճիների արդեն տեղափոխել ենք «ապրելու» Լոռու մարզի Ջրաշեն համայնքում գտնվող անտառտնկման տարածքում։
«Տնկարանի աշխատակիցների համար ծառ տնկելը նման է երեխայի ծնունդին։ Երեխան ծնվում է, հետո մանկապարտեզ հաճախում,
պահում-խնամում ես նրան և մի օր ամուսնացնում։ Նույնը ծառն է․ այ այստեղ տնկարանում ծնվում և մեծանում են ծառերը, հետո իրենց ուղարկում ենք անտառ՝ ինքնուրույն կյանք վարելու։
Հիմա սոճիներին ենք տեղափոխում Ջրաշեն», — նշում է «Պենժամին Գումուշճեան» տնկարանի մեր աշխատակից Սուրեն Պոստոլակյանը՝ հողից խնամքով հանելով սոճիներն ու մեկ-մեկ դասավորելով դրանք դույլի մեջ։
Եթե կյանքում ծառ չեք տնկել, ապա հիմա ճիշտ պահն է միանալու մեզ՝ ոչ միայն ծառ տնկելու, այլ վերականգնելու Հայաստանի անտառները։ Միացեք մեր ծրագրին ու նվիրաբերեք ամսական 1, 5, 10 կամ ավելի ծառ։