Գարնանը կսպասենք նոր տնկիների՝ հաճարենի, կաղնի, թխկի և շատ ուրիշներ:
Սերմերը ձեռք ենք բերել Լոռու և Տավուշի մարզերից։
Այս տարի մեր տնկարաններում ցանել ենք մոտ 750 կիլոգրամ խոշորառէջ կաղնու սերմ։
Որոշ դժվար ձեռք բերվող տեսակների համար մեր աշխատակիցները հավաքում են պտուղները, այնուհետև մաքրում դրանք ցանելուց առաջ: Այս պահին արդեն ավարտել ենք Գուգարքի «Պենժամին Գումուշճեան» և Դեբետի տնկարաններում կաղնու, հաճարի, թխկու և շատ ուրիշ սերմերի ցանքսը։
Գարնանը սերմերի աճը տեսնելը ոգևորության առանձնահատուկ պահ է լինելու, իսկ մինչ այդ սերմերը «տաքուկ կքնեն» հողում, «ձյան վերմակի տակ»։ Մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի կծլի ընդհանուր 600-ից 700.000 տնկի:
Բարդ ու դժվարին աշխատանք է տարվում «ետնաբեմում» տնկիների կենսունակությունը տնկելուց հետո ապահովելու, առողջ ու կայուն անտառային էկոհամակարգ ձևավորելու ուղղությամբ։
Իսկ անտառների վերականգնման գործում կարևոր է յուրաքանչյուրիս մասնակցությունը։ Եթե պատրաստ չեք ամեն ամիս ինքնուրույն ծառ տնկել, մենք դա կանենք Ձեր փոխարեն։ Պարզապես դարձեք ամսական դոնոր տնկելով ամեն ամիս 1 կամ ավելի ծառ և դրանով հոգ տանելով մեր սերունդների կանաչ ապագայի մասին։