Այս տարի եղանակը մեր հանդեպ բավականին բարեհաճ էր։ Ոչ այն իմաստով, ինչպես շատերը կմտածեն ;-): Ամբողջ հունիս ամսվա ընթացքում առատ տեղումներ եղան։ Լայնածավալ անտառվերականգնման համար սա ամենակարևոր գործոնն է: Բայց մենք ստիպված եղանք հետաձգել խնամքի այն աշխատանքները, որ սովորաբար անում ենք գարնանային անտառապատումից հետո։
Բարենպաստ եղանակը հետաձգեց մուլչապատումը
Սովորաբար առատ տեղումները լինում են ապրիլին և մայիսին, որից հետո սկսում ենք մուլչապատել նորատունկ ծառերը։ Հունիսը վճռորոշ ամիս է, քանի որ սա տնկելուց հետո երրորդ ամիսն է, որի ընթացքում երիտասարդ տնկիներն սկսում են պայքարել իրենց արմատներն ավելի խորը հողի մեջ աճեցնելու համար, որպեսզի հասնեն ավելի խոնավ շերտերի մինչև հուլիսի և օգոստոսի սաստիկ շոգերը:
Այնպես ստացվեց, որ այս տարի ոչ միայն հունիսն էր շատ խոնավ ամիս, այլև անձրևները շարունակվեցին մինչև հուլիսի կեսերը: Սա անշուշտ հիանալի էր մեր երիտասարդ տնկիների համար, միևնույն ժամանակ մուլչապատման աշխատանքները հետաձգվեցին, քանի որ անհրաժեշտ էր չոր եղանակ, որպեսզի աշխատողները կարողանային սարն ի վեր բարձրացնել ծղոտի պարկերը և կատարել մուլչապատումը: Հունիսին Ջրաշեն 2 անտառապատման տարածքում կարողացանք մուլչապատել 223․000 տնկի։
Քաղհան անտառապատման տարածքներում
Այս տարի մենք խնամքի ավելի շատ աշխատանք իրականացրեցինք՝ ձեռքով հեռացնելով տնկիներից բարձր աճող խոտերը, որոնք առատորեն աճել էին նոր տնկած ծառերի շուրջը: Նախընտրեցինք ձեռքով քաղհան անել, քանի որ սարքավորումներն անխուսափելիորեն կվնասեին ծառերը: Փորձը ցույց է տալիս, որ այս պարագայում տեխնիկան օգտագործման ընթացքում վնասում է ծառերի մինչև 30%-ը։
Մենք հեռացրեցինք բարձր խոտերը նաև Ջրաշեն 1-ի հյուսիսային լանջերին: Այդպիսով այստեղ մոտ 15․000 ծառ մաքրվեց: Այս խնամքն անհրաժեշտ է երիտասարդ ծառերին օգնելու համար, քանի որ վայրի խոտերի արմատներն ակտիվորեն պայքարում են երիտասարդ ծառերի արմատների հետ հողից ստացվող սննդանյութի համար:
Քաղհանը դադարեցնում կամ դանդաղեցնում է խոտերի ֆոտոսինթեզը և դրանով իսկ դանդաղեցնում նրանց արմատների գործունեությունը:
Մի տնկեք պարզապես ծառեր, այլ անտառ ստեղծեք
Խնամքի այս աշխատանքները շատ կարևոր են և վկայում են անտառներ ստեղծելու, ոչ թե պարզապես ծառ տնկելու մեր վճռականությունը: Հուսով ենք, որ արդյունքները սպասվածի պես կլինեն։ Այնուամենայնիվ, անտառվերանգնման մեր տարածքները հսկայական են, և մենք աշխատում ենք օրնիբուն էական արդյունքների հասնելու համար: Սակայն, միշտ պետք է հիշենք, որ այս աշխատանքը լիովին կախված է բնությունից: Ի վերջո, բնությունը կորոշի մեր հաջողակ լինելը: