Շիրակամուտը մեր առաջին անտառապատման տարածքն է։
, որտեղ սկսեցինք տնկել 2020 թվականի աշնանը։ Այստեղ հիմնականում տնկել ենք կաղնի, սոճի, վայրի տանձ, թխկի և թփեր։ Անտառապատման համար նախատեսված ամբողջ տարածքը 86 հա է, որը պատրաստվում էինք տնկել մինչև 2022 թվականը։ Սակայն, տնկեցինք միայն 30հա, որից 10հա՝ հարավահայաց լանջերին։
Առաջին դժվարությունները
2021 թվականի հունիսի սաստիկ երաշտից հետո, երբ ջերմաստիճանը 2000մ բարձրության վրա 27° էր հասնում, կորցրեցինք Շիրակամուտում տնկած մատղաշ տնկիներից շատերը։ Անմիջապես միջոցներ ձեռնարկեցինք՝ տեղադրելով երկու հզոր պոմպ և 3000մ կոշտ ու 8 ճկուն խողովակներ։
Ընդունեցինք ութ աշխատակից, որպեսզի մոտակա ջրատարից ջրեն տնկիները։ Ավելին, հենց հաջորդ սեզոնին չորացած տնկիները փոխարինեցինք սոճիներով։ Դրանք կրկնակի առավելություն ունեն․ դիմանում են չորությանը և արագ են աճում՝ ստվերելով տերևավոր ծառատեսակները։
Այս տարածքն անտառապատման համար կատարյալ չէ, քանի որ մեծամասամբ հարավահայաց է և շատ չորային։ Թեև 20հա տնկած ծառերը հիմնականում լավ վիճակում են, հարավահայաց 10հա տարածքի ծառերը ծանր պայքար են մղում։ 2022-ին նորից փորձեցինք ջրել մատղաշ ծառերը ճկուն խողովակներով։ Այնուամենայնիվ, արդյունքները գոհացուցիչ չէին, քանի որ նման դժվար պայմաններում ծառերն ամենօրյա ոռոգման կարիք ունեին։
Նոր մեթոդների փորձարկում
2023-ի գարնանային անտառտնկման ընթացքում վերատնկեցինք 1000 տնկի Շիրակամուտի անտառապատման տարածքի հարավային լանջերին։ Այս տարի փորձարկում ենք մի քանի նոր մեթոդ։ Դրանցից հիմնականը կաթիլային ոռոգման համակարգի անցկացնումն է 2 հա տարածքում։ Միևնույն ժամանակ փորձարկում ենք ևս երեք տարբերակ․ գոմաղբ ավելացնեը, ստվերացումը և այս երկուսի միաժամանակ կիրառումը։ Այսպիսով ունենում ենք չորս փորձադաշտ այս մեթոդների տարբեր համադրությամբ։
Մեր նպատակն է պարզել, թե որ գործոնն է ավելի շատ նպաստում ծառերի գոյատևմանը։ Պարտադիր մշտադիտարկում ենք անցկացնելու այս տարածքներում և Ձեզ ներկայացնելու ենք արդյունքները։ Ինչպես անտառապատման հետ կապված ամեն ինչ, այս արդյունքներն էլ կերևան երկուսից երեք տարի հետո։
Մենք վճռական ենք տրամադրված այս տարածքում լուծումներ գտնելուն, հատկապես այն պատճառով, որ Շիրակամուտի բնակիչները շատ ոգևորված են ու երազում են իրենց գյուղի մոտ անտառ ունենալ։ Նրանցից շատերը մասնակցում են մեր անտառտնկման աշխատանքներին նաև այլ տարածքներում։ Եթե հաջողենք, կկարողանանք անտառապատել կիսաչորային տարածքները, որոնք պակաս նպաստավոր են անտառ տնկելու համար և սկսում են գերակշռել Հայաստանում։ Մեզ հաջողություն մաղթեք։ Այնուամենայնիվ, սա ակնհայտորեն ավելի ծախսատար է։ Եթե ցանկանում եք օգնել, որ Շիրակամուտի բնակիչներն անտառ ունենան, անպայման հանգանակություն կատարեք։ Նրանք շատ շնորհակալ կլինեն։