Մեր գործունեության ամենասկզբից մենք սերտորեն համագործակցել ենք ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և դրա հովանու ներքո գործող «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների հետ։ Նախարարության հետ մենք համակարգում ենք անտառվերականգնմանն ուղղված մեր տարատեսակ ծրագրերը։
Ապրիլի 12-ին մեր համագործակցությունն «ամրագրեցինք» փոխըմբռնման հուշագրի կնքմամբ։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանության ու բնական պաշարների ողջամիտ օգտագործման, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման առաքելությունը՝ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և Մայ Ֆորեսթ Արմենիայի հիմնադիր տնօրեն Անդրե Գումուշճեանըստորագրեցին հուշագիրը։
Շրջակա միջավայրի նախարարությունում մեզ ողջունելով՝ նախարարը ևս մեկ անգամ կարևորեց պետական գերատեսչությունների և մասնավոր կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունն՝ ի նպաստ Հայաստանում անտառապատ տարածքների ավելացման ՀՀ կառավարության հանձնառության։
«Համոզված եմ, որ մեր երկու կառույցների միջև համագործակցությունը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանը, վերականգնմանն ու բնական պաշարների ողջամիտ օգտագործմանն ուղղված համապատասխան միջոցառումների և ծրագրերի իրականացմանը։ Վստահ եմ՝ այս համագործակցությունը լավ նախադեպ և օրինակ կհանդիսանա մյուս կազմակերպությունների համար ևս։ Պետք է հնարավորինս համատեղել ջանքերը՝ Հայաստանում անտառածածկ տարածքների ավեացման գործում»,-նշել է նախարարը։
Նախքան հուշագրի կնքումը քննարկվեցին երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթություններ և Հայաստանում անտառների ընդհանուր վիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մայ Ֆորեսթ Արմենիայի հիմնադիր տնօրեն Անդրե Գումուշճյանը նշեց անտառվերականգնման համար նպաստավոր հողերի գույքագրման և դրանք միայն անտառներ տնկելու համար պահպանելու կարևորությունը, քանի որ երկրին շատ ավելի անտառներ են պետք: «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ներգրավենք ավելի շատ ներքին և միջազգային դերակատարներ Հայաստանի անտառվերականգնման և հարատև, մշտական անտառների հիմնման համար, և մենք շատ ոգևորված ենք Հայաստանի կառավարության հետ մեր համագործակցությամբ՝ դա համակարգված կերպով իրականացնելու համար։
Նախարարը կարևորել է Շրջակա միջավայրի ոլորտում ներդրումների ներգրավման մեխանիզմները և կանաչ ներդրումներն իրենց կարևորությամբ մյուս ոլորտներում ներդրումներին հավասարեցնելուն ուղղված քայլերը։
«Մենք, որպես ոլորտի քաղաքականություն մշակող և ոլորտը կառավարող մարմին և դուք, որպես ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություն, ունենք նույն առաջնահերթություններն և կիսում ենք ապագայի նույն տեսլականը։ Ուստի, պետք է խնդրեմ ձեզ պայքարել կանաչ օրակարգի առաջմղման համար»,-նշել է նախարարը։
Հուշագրով նախարարությունը և Մայ Ֆորեսթ Արմենիան նախապես փոխհամաձայնեցված պայմաններով համագործակցելու են հետևյալ ուղղություններով․
անտառվերականգման և անտառապատման աշխատանքների կազմակերպում, նախապես համաձայնեցված և օրենքով սահմանված թույլատրելի տարածքներում,
անտառային էկոհամակարգերում կենսաբազմազանության պահպանությանն ու վերականգնմանն ուղղված համատեղ աշխատանքների կազմակերպում,
բնապահպանական ծրագրերի իրականացում,
վերապատրաստումների, համաժողովների, կլոր սեղան քննարկումների կազմակերպում։
Հուշագրի շրջանակներում կողմերն իրականացնելու են նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական բնույթի ծրագրեր։