Հանդիպե՛ք «Իմ անտառ Հայաստան»-ին Երևանում՝ COP17-ում
Հանդիպե՛ք «Իմ անտառ Հայաստան»-ին Երևանում՝ COP17-ում
2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանը (COP17)։

«Իմ անտառ Հայաստան»-ը ներկա կլինի COP17-ի ողջ ընթացքում՝ ներկայացնելով անտառվերականգնման ոլորտում իր փորձը և այն դերը, որը կարող է ունենալ անտառային լանդշաֆտների վերականգնումը կենսաբազմազանության պահպանման գործում։

Մեզ կարող եք գտնել Կանաչ գոտում, որտեղ կներկայանանք թեմատիկ ցուցադրություններով, կմասնակցենք համաժողովների և կկազմակերպենք դաշտային այցեր՝մեր գործունեության մասին հնարավորինս ամբողջական պատկերացում կազմելու համար։

Այցելե՛ք մեր տաղավարը
Հանդիպե՛ք «Իմ անտառ Հայաստան»-ի թիմին Կանաչ գոտու 3-րդ հարկում։
Այցելե՛ք մեզ՝ ավելին իմանալու անտառվերականգնման մեր ծրագրերի, կուտակած փորձի, համայնքների հետ տարվող աշխատանքների և կենսաբազմազանությամբ հարուստ անտառները վերականգնելու մեր տեսլականի մասին։

Բացահայտե՛ք անտառը՝ընկղմվելով զգայական փորձառության մեջ
2-րդ հարկում կարող եք այցելել մեր «Անտառի կենսաբազմազանություն․ ընկղմվող փորձառություն» խորագրով ցուցադրությունը, որը հրավիրում է բացահայտելու անտառի հարուստ կենսաբազմազանությունը։


Այս փորձառությունը այցելուներին հրավիրում է բացահայտելու և զգալու անտառների՝ ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա միջավայրերում գոյություն ունեցող հարուստ կենսաբազմազանությունը։ Այցելուները նախ կհայտնվեն փարթամ անտառում, ապա կմտնեն նրա ստորգետնյա աշխարհը։
installationmfa
Բացահայտե՛ք անտառվերականգնման աշխատանքները՝գործնականում
Այցելե՛ք մեր բացօթյա ցուցադրությունը՝ «Անտառվերականգնումը՝ գործնականում», որը գտնվում է Թումոյի այգում՝ Կիևյան կամրջի և Հալաբյան փողոցի անկյունում։

Կանաչ գոտուց ընդամենը 5 րոպե քայլելու հեռավորության վրա գտնվող այս ցուցադրությունը հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպես է իրականացվում անտառվերականգնումը գործնականում՝ ծառատունկից մինչև երիտասարդ անտառների ձևավորում և խնամք։

Այցելե՛ք անտառվերականգնման տարածք և տնկարան
Ցանկանո՞ւմ եք սեփական աչքերով տեսնել մեր աշխատանքը։
Այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու 7-ժամյա այցի՝ դեպի մեր անտառվերականգնման տարածքներից մեկը և Վանաձորի մոտակայքում գտնվող ծառատունկը։ Ավտոբուսով երթևեկությունն անվճար է, իսկ ճանապարհը յուրաքանչյուր ուղղությամբ տևում է 2 ժամ։

Այցերը կկայանան հետևյալ օրերին՝
-Հոկտեմբերի 22-ին (միայն մամուլի ներկայացուցիչների համար)
-Հոկտեմբերի 23-ին
-Հոկտեմբերի 24-ին

Այցերի ընթացքում հնարավոր կլինի տեսնել, թե ինչպես են ծառերն աճեցվում մեր տնկարաններում, ինչպես են անտառվերականգնման ծրագրերը մշակվում և իրականացվում տեղում, և ինչպես է ապահովվում դրանց շարունակական խնամքը։ Տնկարանում նախատեսվում է հյուրասիրություն։

Գրանցվել անհրաժեշտ է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 21-ը։
agenda
Լայնածավալ անտառվերականգնում․ մարտահրավերներ և հնարավորություններ

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանը կներկայացնի «Լայնածավալ անտառվերականգնում․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեման COP17-ի ծրագրի շրջանակում ։

Կներկայացվի անտառների կենսական նշանակությունը և մարդու ազդեցությունը մեր մոլորակի վրա։ Կներկայացվի նաև «Իմ անտառ Հայաստան»-ի աշխատանքը՝ հարյուր հազարավոր ծառեր աճեցնելուց և տնկելուց մինչև դրանց երկարաժամկետ կենսունակության ապահովումը՝ միաժամանակ անդրադառնալով այն հնարավորություններին ու առավելություններին, որոնք լայնածավալ անտառվերականգնումն ընձեռում է ներդրողներին:

Քաղաքային անտառտնտեսությունը՝ հանուն կենսաբազմազանության․ կանաչ քաղաքները՝ որպես կենդանի անտառներ

LAND srl-ի համահիմնադիր և «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի գիտական խորհրդի անդամ Ջովանի Սալան, COP17-ի շրջանակում կազմակերպվող հարակից միջոցառման ընթացքում կներկայացնի «Քաղաքային անտառների անհրաժեշտությունը» թեման։

Քննարկմանը կանդրադառնանք քաղաքային անտառների աճող կարևորությանը՝ ներկայացնելով քաղաքային անտառտնտեսությունը որպես բնապահպանական, կլիմայական և սոցիալական քաղաքականության համապարփակ գործիք։

Կհամեմատվեն ForestaMi-ի փորձը և Երևանի համատեքստը, ինչպես նաև կներկայացվի «Իմ անտառ Հայաստան»-ի մոդելը՝ որպես քաղաքային և մերձքաղաքային տարածքներում կիրառելի և ընդլայնելի մոտեցում։
Բացի այդ, Հայաստանի անտառների դաշինքը կանցկացնի «Անտառային երկխոսություններ․ անտառներ, կենսաբազմազանություն և կլիմա․ բազմակի օգուտների ապահովում» համաժողովը, 2026 թվականի հոկտեմբերի 22-ին՝ հինգշաբթի, ժամը 13:00 –13:50, Կապույտ գոտում՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնի հայկական տաղավարում: Մասնակցել կարող են հավատարմագրված անձինք։

Սիրով սպասում ենք ձեզ COP17-ի շրջանակում։
Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն