Աշնանային անտառտնկում 2022-ի արդյունքներն ավելի քան տպավորիչ են: Ուղիղ 475․184 ծառ ենք տնկել Լոռու մարզում։ Այս թիվը կրկնակի է, քան նախորդ աշնանային սեզոնինը:
Գերազանցելով նպատակները
Այս սեզոնին մենք տնկեցինք անտառապատման նոր տարածքում՝ Ջրաշեն II-ում: Տարածքն ունի հիմնականում հյուսիսահայաց դիրք և լավ որակի հող: Բարենպաստ եղանակը մեզ թույլ տվեց մոտ մեկ ամիս անդադար տնկել։ Այս ընթացքում մեզ հաջողվեց ծածկել ամբողջ տարածքը՝ տնկելով 402․710 ծառ, որից 200․000-ը ամերիկյան «One Tree Planted» կազմակերպության անունից։ Տարածքի որոշ հատվածներ չափազանց քարքարոտ են և պիտանի չեն անտառտնկման համար։ Նոր տնկարկով ծածկված մակերեսը կազմում է 110 հա։ Բարձրության պատճառով այստեղ ծառատեսակների թիվն ավելի սահմանափակ է՝ մեծամասամբ սոճի ու կաղնի: Այդուհանդերձ, մենք ևս վեց տեսակ տնկեցինք ստորին հատվածներում՝ կեչի, վայրի տանձ, թխկի և այլն։
Մարդիկ, ովքեր անտառ են տնկում
Այս տարի ռեկորդային էր նաև տնկման աշխատանքներում ներգրավված աշխատողների թիվը՝ մինչև 190 մարդ: Նրանք բոլորն անձնվեր աշխատեցին՝ յուրաքանչյուրն անդադար տնկելով օրական 100-150 ծառ։ Ամենամեծ դժվարությունը զառիթափ տեղանքն էր՝ 2150-ից 2400 մ բարձրությամբ: Որոշ տարածքների անհնար էր հասնել որևէ մեքենայով, և աշխատողները ստիպված էին տնկիների կապոցներն իրենց ուսերին բարձած մագլցել լեռը: Սա ծանր աշխատանք էր: Նրանց գործը թեթևացնելու համար ներգրավեցինք բեռնակիր կենդանիների՝ ձիու ու էշի: Իրականում դա հիանալի, էկոլոգիապես մաքուր լուծում էր, որը շատ օգնեց մեր աշխատողներին:
Անտառտնկման կամավորները
Մեր կամավորները միացան մեզ՝ ռեկորդներ գրանցելով: Ավելի քան 320 կամավոր միացավ մեզ այնպիսի ընկերություններից և կազմակերպություններից, ինչպիսիք են Սինոփսիս Արմենիան, Վիվա-ՄՏՍ-ը, «Դատա Արտ»-ը, «Արեգակ» ՈՒՎԿ-ն, «ԱԿԲԱ Բանկ»-ը, «Զեվիթ»-ը, «Արմենիա Մարիոթ»-ը, «Հոլիդեյ Ինն Երևան»-ը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը: Նրանց օգնությունն ու աջակցությունը շատ բարձր ենք գնահատում, եւ է՛լ ավելի կարևոր է նրանց գիտակցությունը անտառների կարևորության, այս աշխատանքի դժվարության և հսկայական լինելու վերաբերյալ: Անտառների ստեղծման գործում պետք է ներգրավված լինեն բոլորը։
Լավ արդյունքներ, իսկ ավելի՞ն
Մեկ սեզոնի ընթացքում տնկել ենք 475․184 ծառ։ Սա լավ արդյունք էր մեզ համար։ Դա անհնար կլիներ առանց մեր գործընկերների և ամբողջ աշխարհում կորպորատիվ և անհատ դոնորների աջակցության: Մենք կարող ենք և պետք է անենք ավելին։ Այս սեզոնի արդյունքներից ելնելով՝ մեր նոր նպատակին` տարեկան 800,000 ծառ, կհասնենք և հավանաբար նույնիսկ կգերազանցենք մինչև 2025 թվականը: Սա լավ նորություն է և խիստ անհրաժեշտ մոլորակի համար․ խոսքը տարեկան 240 հա նոր անտառի մասին է:
Դուք պետք է իմանաք, որ յուրաքանչյուր նոր սեզոնի հետ մեր անտառտնկման աշխատակիցներն ավելի ու ավելի են խանդավառվում և գնահատում իրենց աշխատանքը: Նրանք երախտապարտ են այս հնարավորության համար և ոգևորված երկրի ավելի կանաչ ապագայի համար՝ իրենց երեխաների և թոռների համար, և երախտապարտ են նվիրատուներին, ովքեր այս ամենը հնարավոր են դարձնում:
Եկեք միասին ստեղծենք անտառներ
Անտառ տնկելը և մեր մոլորակը բնակության համար ավելի լավ վայր դարձնելը հնարավոր են դառնում ձեր նվիրատվությունների շնորհիվ։ Եկեք միասին ստեղծենք անտառներ։ Միացեք մեզ հենց հիմա և ծառ տնկեք ամեն ամիս: