logo
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ԱՌԱՋԻՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԸ
Հայաստանի անտառային դաշինքի առաջին կլոր սեղան քննարկումը

Հայաստանի անտառային դաշինք-քննարկում-image1

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի անտառային դաշինքի կազմակերպած առաջին կլոր սեղանը, որի թեման նոր անտառտնկման տարածքների քարտեզագրումն էր: Քննարկման շուրջ հավաքվել էին անտառային ոլորտում ներգրավված տարբեր դերակատարներ՝ ոլորտային նախարարությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կլոր սեղան-քննարկման համակարգող Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի  տնօրեն Ալեն Ամիրխանյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է Հայաստանի անտառային դաշինքի չորս առաջնահերթությունները, որոնք են․


  1. անտառապատման համար հողատարածքների հատկացում,

  2. բնական անտառների պահպանություն ու վերականգնում,

  3. խորհրդային տարիներին տնկված անտառների պահպանություն,

  4. վայրի տարածքների հրդեհներ։

Հայաստանի անտառային դաշինք-քննարկում-image2

Քննարկման ընթացքում ներկաներն ընդգծել են, որ անտառների վերականգնումը պետության համար ռազմավարական նշանակություն ունի։ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանում անտառատնկման տարածքների քարտեզագրման, արոտավայրերի համար պիտանի տարածքների ընտրման աշխատանքներին։

Հայաստանի անտառային դաշինք-քննարկում-image3

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն իր ելույթում նշել է, որ համադրելով առկա տեղեկատվությունը և միավորելով ջանքերը՝ հնարավոր կլինի ոլորտում իրական բարեփոխումներ ունենալ։

«Անտառտնկման համար պոտենցիալ տարածքների նախանշմանը պետք է հաջորդի այդ վայրերում մասնագիտական խմբի կողմից ինչպես դաշտային, այնպես էլ մի շարք այլ ուսումնասիրությունների իրականացումը։»,- ասել է Կիրակոսյանը։

Կլոր սեղան-քննարկման ընթացքում մասնակիցները համաձայնել են դիմել կառավարությանը՝ ստեղծելու աշխատանքային խումբ անտառապատման համար նախատեսված նոր տարածքների հայտնաբերման և քարտեզագրման նպատակով: Առաջարկվել է, որ կառավարության կողմից դրական արձագանքի դեպքում խմբում ներգրավվեն տարբեր գերատեսչությունների, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, անտառագետներ, փորձագետներ և այլ մասնագետներ։

Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն
Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved