Դեկտեմբերի 15-ին Շրջակա միջավայրի նախարարությունում ստորագրեցինք դրամաշնորհի հատկացման պայմանագիր Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հետ։
հետ։ Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր և գլխավոր տնօրեն Անտրէ Գումուշճեանը, Հայաստանի անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը։
Այս տարվա սկզբին Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը հայտարարել էր Մարդկային Անվտանգության “Grassroots” դրամաշնորհային ծրագիր (GGP) մինչև 10.000.000 Ճապոնական յենի չափով։ Մեր դրամաշնորհը, որի նպատակն է կառուցել ջերմոց Գուգարքի Բենջամին Գումուշճեան տնկարանի տարածքում, ինչպես նաև հակակարկտային ցանցով ծածկել տնկարանի մի մասը, կազմում է 35.515.000 դրամ:
Այսպիսով, հաջորդ տարի մենք կառուցելու ենք 506 քմ տարածքով անտառային տնկիների ջերմոց, որը հնարավորություն է տալու տարեկան աճեցնել լրացուցիչ 115.200 անտառային ծառատեսակների տնկիներ փակ արմատային համակարգով: Ինչպես նաև տեղադրելու ենք հակակարկտային ցանց տնկարանի 6․600 քմ տարածքի վրա, որի շնորհիվ կբարելավվի տնկարանի արդյունավետությունն ու բաց արմատային համակարգով որակյալ տնկիների ստացումը, քանի որ այն տնկիները, որոնք առավելապես զգայուն են եղանակային պայմանների նկատմամբ, պաշտպանված կլինեն։