Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք սկսել ենք նոր համագործակցույթուն ԱՄՆ-ում գործող «One Tree Planted» կազմակերպության հետ, որի շրջանակում երեք տարվա ընթացքում Հայաստանում տնկելու ենք 1.200.000 ծառ:
Այս նախագծով ավելացնելու ենք մեր անտառվերականգնման ջանքերը՝ կլիմայի փոփոխությունը զգալիորեն մեղմելու համար: Անտառտնկման ծրագիրը հետևյալն է․ 2022-ին՝ 200․000 ծառ, 2023-ին՝ 400․000 և 2024-ին՝ 600․000 ծառ։ Երեք տարվա ընթացքում Լոռու մարզում իրականացրած կլինենք ավելի քան 400 հա տարածքի անտառտնկումը։
«One Tree Planted» կազմակերպության տարածաշրջանային տնօրեն ՄաքԳրորին մեկնաբանում է, ««One Tree Planted»-ը ուրախ է վերականգնելու Հայաստանի անտառածածկը՝ տնկելով ծառեր և աջակցելով տեղական համայնքներին մեր գործընկեր «Իմ անտառ Հայաստան»-ի հետ։ Ոգևորված ենք տեսնելու այս ծրագրի զարգացումը և անտառածածկույթի մասշտաբային ավելացումն ապագա տարիներին»։
Ինչի՞ ենք հասնելու միասին
«One Tree Planted»-ի հետ մի մեծ քայլ կանենք վայրի բնության պաշտպանության և այդ վայրում կենսաբազմազանության զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, այս համագործակցությունը կունենա կարևոր սոցիալական և տնտեսական ազդեցություն։ Հայաստանի գյուղական վայրերում զբաղվածության մեծ խնդիր կա, և Լոռին բացառություն չէ: Մենք կվարձենք մինչև 300 աշխատակից այս նախագիծն իրականացնելու համար: Արդյունքում մեծ թվով ընտանիքներ կունենան կայուն եկամուտ բնապահպանական առավելությունների հետ միասին:
«One Tree Planted»-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իրականացնում է գլոբալ անտառվերականգնման ծրագրեր: Մինչև իրենց գործունեության տասնամյակին հասնելը, նրանք արդեն շուրջ 40 միլիոն ծառ էին տնկել: 2014 թվականից ի վեր նրանք ավելի քան կրկնապատկել էին ամեն տարի տնկվող ծառերի թիվը և աշխատում էին գործընկերների հետ Հյուսիսային Ամերիկայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի, Եվրոպայի և Խաղաղօվկիանոսյան 47+ երկրներում: Միայն անցյալ տարի աշխարհի 42 երկրներում «One Tree Planted»-ի 166 ծրագրերի միջոցով տնկվել է 23,588,232 ծառ:
Այս թվերն առավել քան տպավորիչ են, և մենք հպարտ ենք նրանց վստահությանն արժանանալու և այս գլոբալ ջանքերի մասը լինելու համար: