logo
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՆՏԱՌՏՆԿՈՒՄ 2022-Ը
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՆՏԱՌՏՆԿՈՒՄ 2022-Ը

Ուրախ ենք տեղեկացնել, որ հոկտեմբերի 13-ից սկսել ենք Աշնանային անտառտնկում 2022-ը։ Սա անտառտնկման մեր հինգերորդ սեզոնն է։ Նախորդ չորս սեզոնների ընթացքում 567․553 ծառ կամ 165 հա անտառ ենք տնկել Շիրակամուտում, Ջրաշենում, Վահագնիում և Դիլիջանի ազգային պարկում։ 2021-2022 թթ․ ընթացքում տարեկան 400․000 ծառ տնկելու մեր միջնաժամկետ նպատակին հասնելուց հետո որոշեցինք ավելացնել այս թիվը՝ երեք տարի հետո հասցնելով այն տարեկան 800․000 ծառի։

Մեր սպասելիքները


Այս տարի Դեբետի և Գուգարքի մեր տնկարաններում աճեցրած մեծ քանակով տնկիներ ունենք, որոնք արդեն պատրաստ են տնկվելու։ Ունենք 300․000 լայնատերև ծառեր ու 200․000 երեք տարեկան սոճիներ, որոնք պետք է տնկել այս տարի։ Ավելին, ևս 400․000 երկու տարեկան սոճիներ ունենք, և շատ լավ կլինի, եթե դրանց կեսը նույնպես կարողանանք տնկել այս տարի։ Սա նշանակում է, որ այս աշնանն աշխատելու ենք տնկել մինչև 400․000, իսկ 2023 թ․-ի գարնանը՝ 300․000 ծառ։

Այս տարին նաև առանձնահատուկ է նրանով, որ առաջին անգամ տնկելու ենք մեր ջերմոցում աճեցրած տնկիները։ Դրանք աճեցնում ենք թաղարներում, ինչը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում ունենալ ավելի առողջ տնկիներ և գոյատևման ավելի բարձր ցուցանիշներ ապահովել։


Այս տարի տնկելու ենք մեր նոր անտառապատման տարածքում՝ Ջրաշեն II-ում։ Սա 110 հա տարածք է, որի բարձրությունը տատանվում է 2150-2400 մ միջակայքում։ Այն նայում է Ջրաշեն I-ին և զգալի առավելություն ունի՝ հաշվի առնելով հյուսիսային դիրքը։ Սա նշանակում է որակյալ հող և բարձր խոնավություն։

Fall Planting 2022

Սրանք են մեր պլանները Աշնանային անտառտնկում 2022-ի համար։ Մենք անդադար տնկելու ենք մինչև ձյան գալը։ Հուսանք, որ եղանակը թույլ կտա հնարավորինս շատ ծառեր տնկել։

Սոցիալական ազդեցությունը

Մեր նպատակներին հասնելու ճանապարհին հոգում ենք նաև սոցիալական ազդեցության մասին: Որքան մեծ է ծառերի թիվը, այնքան ավելի մեծ է մարդկանց թիվը, որոնց մենք կարող ենք աշխատանք տալ։ Այս տարի արդեն ունենք 220 աշխատող (սա նոր ռեկորդ է) և ձգտում ենք ավելացնել ևս 20-ին: Մեր դաշտային աշխատանքների համակարգողները շրջում են մոտակա գյուղերով և աշխատանք առաջարկում: Սա լավ հնարավորություն է համայնքների կյանքը սոցիալապես և տնտեսապես բարելավելու համար:


Բոլորը կարող են մասնակցել

Մի բան հաստատ է․ անգամ այս տարվա մեր սահմանած նվազագույն նշաձողին հասնելու դեպքում գերազանցելու ենք նախորդ տարիների արդյունքները։ Եվ այս ամենը հնարավոր է դառնում մեր անհատ և կորպորատիվ նվիրատուների դրամական աջակցությամբ։ Ուրախ ենք փաստել, որ մեզ վստահող և մեր առաքելությանը նպաստող մարդկանց թիվը տարեցտարի ավելանում է։ Որքան շատ մարդիկ գրանցվեն, այնքան ավելի շատ մարդկանց կարող ենք աշխատանք առաջարկել և ավելի մեծ անտառներ ունենալ: Դառնալով ամսական նվիրատու՝ կարող եք լինել Աշնանային անտառատունկ 2022-ի և բոլոր գալիք տնկման սեզոնների մի մասը:

Սեղմեք այստեղ

 և տնկեք ծառեր հանուն կյանքի:

Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved