Երիտասարդ անտառներ հինավուրց երկրում
2022 թվականը սկսում ենք մեծ սպասումով։ Այս տարի մեր գործունեության երրորդ տարին է, ու մեր երիտասարդ անտառները նոր տարածքներ պիտի նվաճեն, իսկ արդեն տնկված ծառերը պիտի մեծանան ու ամրանան։ Նախորդ տարվա ընթացքում հաջողեցինք մեր պլանները՝ տնկելու ավելի քան 310․000 ծառ, ինչպես նաև խնամելու 2020 թվականին տնկված ծառերը։ Այս տարի շարունակելու ենք նույն սկզբունքով․ նախ հոգ տանել, խնամել արդեն տնկած ծառերը, նաև տնկել նոր ծառեր․ 2022 թվականի համար պլանավորում ենք տնկել ընդհանուր առմամբ 400․000 ծառ։ Կրկին տնկելու ենք հիմնականում սոճի, կաղնի, վայրի տանձենի, հացենի, թխկի, ինչպես նաև արոսենի և մի շարք այլ թփեր։
Այս տարի կսկսենք Ջրաշեն համայնքում գտնվող մեր հաջորդ տարածքի՝ Ջրաշեն 2-ի նախապատրաստական աշխատանքները, որտեղ
կներգրավվեն նոր աշխատողներ մոտակա բնակավայրերից։
Մեզ համար չափազանց կարևոր է համագործակցությունը Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող կազմակերպությունների, ընկերությունների և անհատների հետ։ Բազմաթիվ կազմակերպություններ արդեն հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու մեր գործին, ինչը շատ ոգևորիչ է։ Այս առումով ևս 2022-ին շատ ծրագրեր ունենք, որոնց իրականացման մասին անպայման կխոսենք։
Հետհայացք գցելով ընդամենը 2,5 տարեկան My Forest Armenia-ի գործունեությանը՝ ուրախությամբ կարող ենք փաստել, որ Լոռու և Տավուշի
մարզերում մեր գործընկերների և բարերարների օգնությամբ արդեն իրականացրել ենք շուրջ 150 հեկտար տարածքի անտառպատման աշխատանքներ, որտեղ 384․066 ծառ ենք տնկել։
Կառուցել ենք երկու տնկարան՝ Դեբետում և Գուգարքում, և մեկ ջերմոց՝ Գարի և Լինդա Ասարյանների ֆինանսական աջակցության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցության շնորհիվ։
Այս ամենն իրականացնելու համար կարևոր է յուրաքանչյուրի ներդրումը։ Դարձեք դոնոր՝ կատարելով ամսական կամ մեկանգամյա
նվիրատվություն
։ Ամսական նույնիսկ 1 ծառ տնկելով՝ դուք իրական ներդրում եք ունենում Հայաստանի կանաչ ապագայի ստեղծման գործում։