Հաճարազգիների ընտանիքի ներկայացուցիչներից է կաղնին, որի հզորությունն ու փառահեղ գեղեցկությունը գրավում է յուրաքանչյուրիս: Իզուր չէ, որ գիտական լատիներենով նրան անվանում են Quercus (Քուերկուս), ինչը թարգմանաբար նշանակում է “գեղասքանչ”։

Երկրագնդի վրա 600-ից ավելի կաղնու տեսակներ են աճում, որոնք տարածված են հյուսիսային կիսագնդի գոտիներում:

Որպես անտառգոյացնող տեսակ՝ կաղնին Հայաստանում ամենատարածվածն է։ Բնության մեջ բնականորեն հանդիպում է կաղնու 5 տեսակ՝ կաղնի խոշորառէջը, վրացականը, երկարակոթունը, արաքսյանն ու ոսկեգույնը: Կաղնու տեսակներից կան մշտադալարներ, սակայն, Հայաստանի կաղնիները տերևաթափ ծառեր են: Հայաստանի կաղնիներից երկարակոթունը, արաքսյանն ու ոսկեգույնը չափազանց չորադիմացկուն են, սակայն քիչ են տարածված: Առավել տարածված են խոշորառէջ ու վրացական կաղնիները, ընդ որում, մինչև 1200 մ բարձրությունների վրա հանդիպում է վրացական կաղնին: Ծովի մակերևույթից 1200-1400 մ բարձրությունները յուրօրինակ սահմանային գոտի են երկու տեսակների համար, այդ սահմաններում է սկսվում խոշորառէջ կաղնին և վերջանում՝ վրացական կաղնին: Խոշորառէջ կաղնին, որպես անտառկազմող տեսակ, ամենատարածվածն է Հայաստանում, ստեղծում է անտառի տարբեր տիպեր՝ մինչև 2600մ բարձրությունների վրա:
Կաղնի
Կաղնին երկարակյաց է, ապրում է 300-400 տարի, երբեմն 1000, սակայն հայտնի են նաև ավելի մեծ տարիքի կաղնու ծառեր:

Հայոց Սպարապետ Վարդան Մամիկոնյանը, 450 թ. պարսից զորքին Խաղխաղի ճակատամարտում հաղթելուց հետո, տունդարձի ճանապարհին, Տավուշի Ակնաղբյուր գյուղի մոտակայքում կաղնի է տնկել՝ ի նշան հաղթանակի: Սպարապետի կաղնին ապրել է մինչև 1978 թ.՝ 1500-ից ավելի տարի: Կաղնին տապալվեց, իսկ ընկած կաղնու կողքին զորավար Հովհաննես Բաղրամյանը տնկեց նորը:

Կաղնին դանդաղ է աճում: 10 տարեկանում, Հայաստանում իր սովորական աճավայրերում կաղնու բարձրությունը հասնում է ընդամենը 1 մետրի, սակայն արմատը այդ ժամանակահատվածում խորանում է 1-1,5 մետր: Իր կյանքի ընթացքում կաղնին բարձրանում է մինչև 30 մետր (նույնիսկ 35 մ), իսկ բնի տրամագիծը հասնում է մինչև 2 և ավելի մետրի: Կաղնու արմատները հզոր են, առանցքային մեծ ու շատ խորն են գնում հողի տակ:

Կաղնին ծաղկում է ուշ գարնանը, տերևները բացվելու հետ միասին: Տերևները ատամնաեզր են, մուգ կանաչ, ամուր են, կոշտ ու կաշվեկերպ, հաճախ մնում են ճյուղերի վրա ամբողջ ձմեռ: Կաղնու տերևը տարբեր երկրների հերալդիկայում օգտագործվող խորհրդանիշ է:

Մարդու և կաղնու միջև ամենավաղ հարաբերություններից ի վեր ձևավորվել է կաղնու շատ ուժեղ խորհրդանշական պատկեր, որում կաղնին կապված է երկարակեցության, կայունության, տոկունության, պտղաբերության, հզորության, արդարության և ազնվության հետ:

Միատուն է, ինչպես հաճարենին: Սա նշանակում է, որ նույն ծառի վրա առկա են թե արական, թե իգական ծաղիկները: Արականները կախված են ծաղկաբույլի մեջ և կոչվում են կատվիկներ, իսկ իգականները կարծես ցորենահատիկ լինեն: Պտուղը, որը կոչվում է կաղին, աճում է իգական ծաղիկներից:

Պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Կաղինների վերևի մասը պատված է պտղագավաթով, ասես հագին գլխարկ ունենա: Կաղնին առատ պտղաբերություն ունենում է 3-5 տարին մեկ: 1 հեկտար կաղնու անտառից կարելի է հավաքել մինչև 1200 կգ կաղին:

Կաղնու ամենաարտադրողունակ ծառուտները առաջանում են սերմերով բազմանալու դեպքում: Սակայն կաղնին ունակ է բազմանալու նաև կոճղով կամ բնաշիվերով, որոնք առատորեն ի հայտ են գալիս ծառը հատելուց հետո․ հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես կաղնու կտրված բնի կողքից աճել են բազմաթիվ նոր ճյուղեր։ Բնաշիվերով բազմանալու ունակությունը կաղնին պահպանում է մինչև խոր ծերություն:

Կաղնին խիստ լուսասեր է ու երաշտադիմացկուն, չի վախենում ուժեղ սառնամանիքներից:

Արժեքավոր է կաղնու բնափայտը: Այն, ինչ պատրաստված է կաղնուց, շատ ամուր է ու գեղեցիկ: