logo
Ի՞ՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶՈՒԹՅՈՒՆԸ
կենսաբազմազանության կարևորությունը

Author: Gagik Amiryan

Յուրաքանչյուր տեսակ անհատականություն է

Անտառում յուրաքանչյուր տեսակ, լինելով անկրկնելի գենետիկ առանձնահատկությունների կրողը, դիտարկվում է որպես անփոխարինելի անհատականություն: Ամեն մի տեսակ ներկայացնում է անկրկնելի արժեք, և չկան մարդու կողմից հռչակված «արժեքավորներ» և «անարժեքներ»: Բանական մարդը մինչև օրս էլ կենդանական աշխարհի անդամներից մեկն է, թեկուզև հատուկ կարգավիճակով, և զբաղեցնում է կենդանի բնության տեսակների բազմամիլիոնանոց գրադարանի մի դարակը: Սակայն կենդանի աշխարհը գրադարան չէ, որում մի գիրք կամ դրանց շատ մասը կարող է պահպանվել հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի դեպքում: Անտառում ամեն տեսակ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է հազարավոր թելերով՝ ոչ միայն կողք-կողքի գտնվող, այլև հեռավոր տեսակների հետ: Դրանով ապահովվում է անտառային էկոհամակարգի արդյունավետ գործունեությունն ու կայունությունը: 

Հայաստանում անտառաբնակ կեռնեխը (և ոչ միայն) ձմռանը սնվում է արոսենու հատապտղանման կարմիր խնձորիկներով: Պտղամիսը մարսվում է, իսկ սերմերն արտաթորանքի հետ ընկնում են մայրական ծառից բավականին հեռու, ու անցնելով թռչնի մարսողական համակարգով և ենթարկվելով «նախացանքսային մշակման», դառնում են հեշտ ծլելի՝ միաժամանակ ստանալով աճի առաջին տարվա  համար սննդանյութերի որոշակի պաշար: 

Թվում է, թե ինչ կապ կարող են ունենալ աղվեսները՝ անտառի վերականգման, բնական անտառապատման գործում: Աղվեսների կերաբաժնի 70%-ը մկներն են, իսկ մկներինը՝ անտառի բնական վերաճն ապահովող անտառային սերմերը (կաղիններ, հաճարիկներ և այլն): 

Անտառում՝ ծառերի սաղարթներում, բների ու ճյուղերի ճեղքերում ու խոռոչիկներում անձրևաջրերից կուտակված «ջրամբարները» կյանքի ապաստարան են մոծակների թրթուրների համար, որոնցով սնվում են տարբեր բզեզներ, սրանք էլ իրենց հերթին կեր հանդիսանում տարբեր թռչունների համար: 

Անտառը  ծառատեսակների մեծ կուտակումներ չէ լոկ: 

Կենսաբանական գրեթե բոլոր տեսակները կախված են անտառից: Բույսերն ու կենդանիները ստեղծում են միասնական մի ցանց՝ համակարգ, կամ ընտանիք, որոնց անդամները ներդաշնակորեն փոխազդում են մեկը մյուսին, որպեսզի ամբողջ համակարգն աշխատի անխափան ու շարունակ, և կարողանա իր ու այլ կենդանի էակների համար ստեղծել անվտանգ ու կայուն համակարգ, այդ թվում անտառից դուրս:

Տեսակների ահռելի քանակության շնորհիվ է մաքուր ջրի ստացումը, թթվածնի պաշարների վերականգնումը, հողերի բերրիության պահպանումը, սննդի ու դեղամիջոցների ստացումը: 

Մարդու ազդեցությունը

Ժամանակակից մարդու նպատակը՝ տնտեսական զարգացում ամեն գնով, տանում է փակուղի: Անտառների ոչնչացումը բերում է հենց մարդու ոչնչացման: Մեկ անհետացած տեսակը դառնում է սկիզբ անդառնալի հետևանքների շղթայի: Անմիտ է զբաղվել տեսակի պահպանությամբ, եթե չի պահպանվում նրա բնակավայրը: Ոչնչացրեք կամ փոխեք այդ միջավայրը և տեսակն անխուսափելիորեն կոչնչանա: Պետք է պահպանել անտառները, մարգագետինները, լճերն ու գետերը:

Գնալով անտառների դեմ, և ընդհանրապես բնության դեմ, մենք քայքայում ու ոչնչացնում ենք մեր գոյության հիմքը:

Ուսանելի են ռուս գիտնական Ա.Չիվևսկու մտորումները.

«Կենսաբանական բազմազանությունը կարելի է համեմատել փայտյա տան հետ, որի մեջ մենք ապրում ենք: Եվ մեզանից շատերը մեր տան մասին հոգ չեն տանում։ Ավելին, մենք քանդում ենք մեր տունը՝ չմտածելով հետևանքների մասին: Տան մի մասից սկսում ենք պոկել մի տախտակ, հետո մյուս մասից՝ մեկ այլ տախտակ, ապա մեկ ուրիշ մասից ևս մեկը և դրանք հերթով լցնում վառարանը, որպեսզի տաքանանք: Եվ քանի որ տունը մեծ է, ապա ինչ-որ ժամանակ մեր գործողությունները շոշափելի փոփոխություններ չեն առաջացնում: Սակայն աստիճանաբար անցնելով մեր տան հատակի տախտակներին, դռներին ու պատուհաններին՝ մեր տան պատերին երևան են գալիս անցքեր և բաց տեղեր, որտեղից ցուրտն է սողոսկում ներս: Ինչքան շատ ենք վառում վառարանը, այնքան դժվարանում է պահել ջերմությունը: Անընդհատ վառելիք է պահանջվում, իսկ տունն ավելի ու ավելի է ցրտում: Շատ վատ է, որ մենք լավ չենք պատկերացնում, թե ինչպես է  կառուցված մեր իսկ տունը և կոտրում ու ջարդում ենք այն ամենը, ինչ չի կարելի: Ի վերջո, հնարավոր է, որ մի օր էլ մեր ամբողջ կառույցը, հիմքից զրկվելով, փլվի մեր գլխին»: 

Մեր տունը դեռևս կանգուն է, դեռևս բավականին տախտակ, պատուհան ու դուռ կա: Սակայն չմրսելու և գոյատևելու համար մենք պետք է ամրացնենք մեր տունը, պահպանելով ու ավելացնելով մեր անտառները և օգնելով տեղածին ծառատեսակներին ամուր հիմք դառնալ անտառի ապագա կենսաբազմազանության համար:


Copyright © 2025. My Forest Armenia. All Rights Reserved