ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ՝ Լոռու մարզի Գուգարք բնակավայրում գտնվող մեր «Պենժամին Գումուշճեան» տնկարանում կառուցվեց նոր՝ 500 մ2 ջերմատունը։
Նոր ջերմատունը հնարավորություն ունի արտադրելու լրացուցիչ 122,400 փակ արմատային համակարգով տնկիներ։ Մեր նոր ջերմատունը կարևոր համալրում է մեր ենթակառուցվածքներին և մեծ աջակցություն անտառավերականգման աշխատանքերին։ Ջերմատանը կկարողանանք աճեցնել այնպիսի տեսակներ, որոնք դժվար է աճեցնել տնկարանում, ինչպես նաև կկարողանանք երկարացնել ծառատունկի օրերը՝ աշխատանքն ավելի վաղ սկսել աշնանը և ավելի ուշ ավարտել գարնանը:
Ագրարային պետական համալսարանի հետ համագործակցության արդյունքում Վանաձորի իրենց մասնաճյուղի հիմնական շենքի դիմաց կառուցեցինք ջերմոց: Այն ունի երկու գործառույթ. հիմնական գործառույթը թաղարներում ծառերի սերմեր աճեցնելն է, մյուսը՝ ուսումնական և հետազոտական նպատակներով համալսարանի ուսանողներին և դասախոսներին ծառայելը։
Այստեղ աճեցված ծառերի սածիլներն ավելի կենսունակ են: Հիմնական գաղափարն այն է, որ տնկիների աճի և տնկման ողջ ընթացքում արմատային համակարգը չի խախտվում, իսկ տեղափոխման ընթացքում սածիլները չեն վնասվում: Սա հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում ունենալ առողջ և կենսունակ սածիլներ և անտառվերականգնման աշխատանքների ընթացքում գոյատևելու ավելի բարձր ցուցանիշ: Թաղարներում ծառերի տնկիների աճը անտառապատման և անտառվերականգնման նպատակներով լայնորեն կիրառվում է շատ երկրներում: