Քանի որ գիտնականներն ավելի ու ավելի խիստ են դատապարտում հանածո վառելիքի պատճառած անդառնալի վնասները երկրագնդի կլիմային, աշխարհը պետք է հավաքականորեն ու անհատապես աշխատի CO₂ արտանետումները նվազեցնելու ուղղությամբ։ Եթե նպատակը 2050 թվականին 0 արտանետում ունենալն է, ուրեմն անհապաղ պետք է սկսել արտանետումների գլոբալ նվազեցումը։ Քանի որ CO₂ որոշ արտանետումներ, ինչպես օրինակ թռիչքներից գոյացածը, մաքուր այլընտրանք այս պահին չունեն, ծառեր տնկելն ու անտառածածկույթն ավելացնելը մթնոլորտ բաց թողնված ածխածնի փոխհատուցման լավագույն ձևերից է։Ածխածնի կլանումից զատ, անտառներն աներևակայելի բարդ էկոհամակարգ են և բազմաթիվ լրացուցիչ առավելություններ ունեն․ ավելացնում են օդի խոնավությունը, նվազեցնում են ջերմաստիճանն ամռանը, նվազեցնում են անապատացումը, ընդլայնում են կենսաբազմազանությունը, բուսական ու կենդանական աշխարհը, գեղեցկացնում են բնական լանդշաֆտները և շատ ավելին։ Հնարավոր չէ բավականաչափ շեշտել անտառների կարևորությունը երկրագնդի համար։Եվ վերջապես, մեր աշխատանքն իրականացվում է անտառվերականգնման տարածքների մոտակայքում ապրող գյուղացիների կողմից։ Մեր գործունեությունը նաև կարևոր սոցիալական դեր ունի։ Ուսուցանելով և աշխատանքի ընդունելով տեղացիներին մենք հզորացնում ենք նրանց և նպաստում աղքատության հաղթահարմանը։ Գյուղացիները դառնում են ապագա անտառների պահապանները։ Անտառն ինքը, ունենալով պտղատու ծառերի մասնաբաժին (ընկույզ, պնդուկ, վայրի տանձ և այլն), կապահովի նրանց կայուն եկամուտը։Ընդհանուր առմամբ, որպես գիտակից ու պատասխանատու անհատներ, մենք պատասխանատվություն ենք վերցնում մեր գործողությունների հետևանքների համար քանի դեռ ապրում ենք այս մոլորակի վրա։Ինչպես որ չէինք պատկերացնի ուրիշի տանն աղբ նետելն ու թողնելը, մենք՝ այս աշխարհով անցնող բանական էակներս, բարոյական պարտք ունենք մաքրելու այն աղբը, որ թողնում ենք մթնոլորտում․․․ ու նաև երկրի վրա։