OUR STORY
«Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը հիմնվել է բելգիահայ բարերար և ձեռներեց Անտրէ Գումուշճեանի կողմից։ Սկզբում գաղափարը վառելիքի այրման արդյունքում գոյացած ածխաթթու գազի արտանետումների փոխհատուցումն էր անտառների ստեղծման միջոցով։ Անտրէի միտքն այն էր, որ ապագա սերունդներին չի կարելի փոխանցել սեփական աղտոտվածությունը վերացնելու բեռը։
Սակայն ծրագրի շրջանակն աճեց։ Ինչպես Անտրէն է ասում. «Ավելի շատ զբաղվելով այս ծրագրով՝ գիտակցեցի անտառների կարևոր նշանակությունն այս մոլորակի վրա մեր սեփական գոյատևման համար։ Անտառներն աներևակայելի բարդ էկոհամակարգ են և բազմաթիվ տեսնակյուններից կապված են մոլորակի վրա կյանքի պահպանման հետ։ Օրինակ, մեր ջրային ռեսուրսների 80%-ը գալիս է անտառներից։ Նաև դրանք կենսաբազմազանության պահպանման երաշխիքներ են, ինչը կարևոր է հզոր էկոհամակարգի և մարդկության զարգացման համար»։
Վահե Մարտիրոսյանը մեր առաջին աշխատակիցն էր։ Անտրէն ու Վահեն կազմակերպության համար նույն տեսլականն ունեն․ պետք է շատ բարձր որակ ապահովել, քանի որ միայն որակյալ ծրագրերը կապահովեն մեր և անտառվերականգնման հաջողությունը։ Հաշվի առնելով որակյալ տնկիների բավարար քանակի բացակայությունը՝ Վահեն առաջարկեց անտառստեղծման բոլոր քայլերն անել ինքնուրույն։
Այսօր մեր աշխատակազմն աճել է մինչև 50 հոգի, իսկ տնկման ու խնամքի աշխատանքներին մասնակցում է մինչև 240 աշխատող: Մեր թիմը ներկայացնում է շատ տարբեր մասնագիտություններ, ու մենք հպարտ ենք մեզ հետ ունենալ յուրաքանչյուր ոլորտի բարձրակարգ մասնագետների։
Առաջին տարում Լոռու մարզում երկու տնկարան ստեղծեցինք, որտեղ և աճեցնում ենք ծառատեսակները։ 2021-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցությամբ Վանաձորի իրենց մասնաճյուղի հիմնական շենքի դիմաց կառուցեցինք ջերմոց: Այն ունի երկու գործառույթ. հիմնական գործառույթը թաղարներում ծառերի սերմեր աճեցնելն է, մյուսը՝ ուսումնական և հետազոտական նպատակներով համալսարանի ուսանողներին և դասախոսներին ծառայելը։
Մեր երկրորդ տարում՝ 2020 թվականի նոյեմբերին, սկսեցինք մեր առաջին անտառտնկումը Շիրակամուտում։ Սեզոնի ավարտին՝ 2021 թվականի ապրիլին, տնկել էինք 140.000 ծառ։ Այսօր մեր նպատակն է տնկել տարեկան 800,000 ծառ։
«Իմ անտառ Հայաստան»-ն էապես նպաստում է կյանքի որակի և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Բոլոր այն տարածքներում, որտեղ մենք աշխատում ենք, աշխատողները տեղական և հարակից գյուղական համայնքներից են։ Նոր անտառների ստեղծումը բազմաթիվ օգուտներ ունի համայնքների համար. կարճաժամկետ հեռանկարում այն եկամուտ է ստեղծում, մինչդեռ երկարաժամկետ հեռանկարում անտառներն ապահովում են բազմաթիվ բնական էկոհամակարգային առավեկություններ, ինչպիսիք են մաքուր օդը, հողի էրոզիայի վերահսկումը, ջրային ռեսուրսների պահպանումը, ցածր ջերմաստիճանը, խոնավությունը։ Այս ամենը հանգեցնում է կյանքի ավելի լավ որակի և նպաստում է գյուղատնտեսությանը, ինչպես նաև այլ տնտեսական հնարավորություններ է ստեղծում, ինչպիսիք են էկոտուրիզմը, մեղվաբուծությունը և այլն: