«Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը հիմնվել է բելգիահայ բարերար և ձեռներեց Անտրէ Գումուշճեանի կողմից։ Սկզբում գաղափարը վառելիքի այրման արդյունքում գոյացած ածխաթթու գազի արտանետումների փոխհատուցումն էր անտառների ստեղծման միջոցով։ Անտրէի միտքն այն էր, որ ապագա սերունդներին չի կարելի փոխանցել սեփական աղտոտվածությունը վերացնելու բեռը։
Սակայն ծրագրի շրջանակն աճեց։ Ինչպես Անտրէն է ասում. «Ավելի շատ զբաղվելով այս ծրագրով՝ գիտակցեցի անտառների կարևոր նշանակությունն այս մոլորակի վրա մեր սեփական գոյատևման համար։ Անտառներն աներևակայելի բարդ էկոհամակարգ են և բազմաթիվ տեսնակյուններից կապված են մոլորակի վրա կյանքի պահպանման հետ։ Օրինակ, մեր ջրային ռեսուրսների 80%-ը գալիս է անտառներից։ Նաև դրանք կենսաբազմազանության պահպանման երաշխիքներ են, ինչը կարևոր է հզոր էկոհամակարգի և մարդկության զարգացման համար»։
Վահե Մարտիրոսյանը մեր առաջին աշխատակիցն էր։ Անտրէն ու Վահեն կազմակերպության համար նույն տեսլականն ունեն․ պետք է շատ բարձր որակ ապահովել, քանի որ միայն որակյալ ծրագրերը կապահովեն մեր և անտառվերականգնման հաջողությունը։ Հաշվի առնելով որակյալ տնկիների բավարար քանակի բացակայությունը՝ Վահեն առաջարկեց անտառստեղծման բոլոր քայլերն անել ինքնուրույն։
Առաջին տարում մենք Լոռու մարզում երկու տնկարան ստեղծեցինք, որտեղ և աճեցնելու էինք ծառատեսակները։
Երկրորդ տարում՝ 2020 թվականի նոյեմբերին իրականացրինք մեր առաջին անտառտնկումը Շիրակամուտում։ Սեզոնի ավարտին՝ 2021 թ․-ի ապրիլին արդեն 140,000 ծառ էինք տնկել։
Մեր երրորդ տարում՝ 2021 թվականին, Շիրակամուտում և Ջրաշենում ընդհանուր առմամբ տնկեցինք 426,000 ծառ։ Այսպիսով, անտառտնկման ամբողջ տարածքը կազմում է 150 հա։
Այսօր հույս ունենք մեր անտառտնկման ռիթմը կրկնապատկել մինչև 2025 թվականը։
«Իմ անտառ Հայաստան»-ն էապես նպաստում է կյանքի որակի և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Բոլոր այն տարածքներում, որտեղ մենք աշխատում ենք, աշխատողները տեղական և հարակից գյուղական համայնքներից են։ Մեր աշխատակազմն աճել է մինչև 41 հոգի, իսկ տնկման սեզոնին մասնակցել է մինչև 140 աշխատող: