Քչերն են գիտակցում անտառ տնկելու կամ անտառվերականգնման բարդությունները:
Ծառ տնկելը թերևս ամբողջ գործընթացի ամենադյուրին մասն է, կարևորն այն է, որ երիտասարդ տնկիները գոյատևեն առաջին մի քանի տարիներին և դառնան հասուն ծառեր:
Դրա համար կարևոր է երիտասարդ ծառերը կանոնավոր կերպով ջրելը, քանի դեռ արմատներ չեն տվել: Հաջորդիվ, պետք է համոզվել, որ դրանց շուրջն աճող վայրի խոտերը հեռացված են, որպեսզի չփչացնեն տնկիները: Այս ամենի համար տարվա ընթացքում անհրաժեշտ է բազմաթիվ աշխատողներ ուղարկել տնկադաշտ և համոզվել, որ ամեն ինչ լավ է ընթանում, ու ծառերն էլ առողջ են:
Այնուամենայնիվ, սա դեռ ամբողջ պատկերը չէ:
Անտառները բարդ էկոհամակարգեր են: «Իմ անտառ Հայաստան»-ի նպատակը որակ ու կենսաբազմազանություն ապահովելն է: Կենսաբազմազանություն ապահովելու համար մենք տնկում ենք շատ տարբեր տեղական ծառատեսակներ, ինչպես նաև թփերի տարբեր տեսակներ: Նաև պետք է խուսափել ինվազիվ տեսակների օգտագործումից և աշխատել միայն տեղական տեսակների հետ: Ինվազիվ տեսակները հեշտությամբ աճում և արագ տարածվում են, սակայն տեղական տեսակների տարածման հաշվին, ինչն էլ իր հերթին նվազեցնում է կենսաբազմազանությունը:
Այժմ ավելի հեշտ է գիտակցել, որ սերմերի ճիշտ ընտրությունը ամբողջ գործընթացի ամենակարևոր մասն է: Մենք սերմեր ենք հավաքում ծառերից, որոնք ունեն ամենաարժեքավոր հատկությունները` խթանելու ավելի դիմացկուն և առանձնահատուկ ծառերի աճը:
Ավելորդ է ասել, որ գլոբալ տաքացման մարտահրավերները նույնպես ազդեցություն ունեն, որը մենք պետք է հաշվի առնենք, այդ իսկ պատճառով մենք մեծապես կարևորում ենք մեր համագործակցությունը Ագրարային համալսարանի և ամբողջ աշխարհի կենսաբանության ոլորտի փորձագետների հետ` առավելագույն հաջողություն ապահովելու համար: