logo
ԱՐԴՅՈՔ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՔ ՈՒ՞ՆԻ, ՈՐ ՄԵՆՔ ՆՈՐ ԱՆՏԱՌՆԵՐ ՏՆԿԵՆՔ
անտառների ստեղծման անհրաժեշտությունը

Author: Gagik Amiryan

Անտառը  բնության բաղկացուցիչն է ու նրա էությունը: Գլոբալ առումով այն դիտարկվում է որպես կենսոլորտի մի մաս: Անտառը լոկ ծառաթփատեսակների ամբողջություն չէ: Այն իրար հետ սերտորեն կապված կենդանի օրգանիզմների (բույսեր, սնկեր, միկրոօրգանիզմներ, կենդանիներ) ու անկենդան աշխարհի (հող, օդ, ջուր) բարդ էկոհամակարգ է: Այս էկոհամակարգում նյութերի ու էներգիայի հոսքերը անընդհատ շրջանառվում են` կապելով մեկ միասնության մեջ կենդանի ու անկենդան բնության բոլոր տարրերը: 

Անտառները գոյություն ունեն բնության մեջ 400․000․000 տարի ու իրենց պատմության մեծ մասում առաջացել են բնականորեն, առանց մարդու միջամտության: Ընդ որում, անտառների պատմության 99%-ում մարդը որպես տեսակ գոյություն չի էլ ունեցել: Զարգացման ամբողջ ժամանակաշրջանում անտառները ոչ միայն գրավել են գրեթե բոլոր այն տարածքները, որոնցում հնարավոր է իրենց գոյությունը, աճը, այլև բազմաթիվ անգամ վերականգնվել են, տեղի ունեցած  տարբեր աղետներից՝ , ստեղծելով բնության մեջ հարաբերական հավասարակշռություն և անտառի նոր, կատարելագործված  տիպերի առաջացմամբ: Անտառի բնական զարգացումն ընթացել է համապատասխան իր տիեզերական առաքելությանը. բնական համակարգը բերել շարժունակ հավասարակշռության, այսինքն զարգացման դինամիկայի մեջ անընդհատ բարձրացնել  համակարգի կայունությունը: Անտառային էկոհամակարգի այս որակական հատկությունը հնարավոր է ունենալ միմիայն օպտիմալ անտառապատվածության պայմաններում:

Օպտիմալ անտառապատվածությունը, ըստ ռուս մեծանուն գիտնական Ա.Ա. Մոլչանովի, անտառային մակերեսի այն չափն է, որի վրա գտնվող ծառուտները անտառի այլ բաղադրիչների հետ միասին առավել լիարժեք կերպով կբավարարեն տնտեսության պահանջմունքները՝ կատարելով ջրապահպան, հողապաշտպան ու կլիմայակարգավորիչ դեր, կստեղծեն բարենպաստ պայմաններ կենդանական աշխարհի համար ու կնպաստեն գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը:

Անտառներն աշխարհագրական միջավայրի մի մասն են, որի հետ սերտորեն կապված է մեր երկրի տնտեսության բազմաթիվ ճյուղերի գոյությունն ու զարգացոմը:   

Գիտական ուսումնասիրությունների արդյունքում գրանցվել է, որ  Հայաստանում օպտիմալ անտառապատվածությունը պետք է կազմի առնվազն 20%: Հաշվի առնելով մեր երկրի  ներկայիս անտառապատվածությունը, որն ընդամենը  11% է, ստացվում է, որ այդ մակերեսը որպես տնտեսության կենսապահպանական ցուցիչ բավարար չէ մեր երկրի բնական էկոլոգիական հավասարակշռության պահպանման համար և նոր անտառների ստեղծումը պետք է դիտարկվի որպես պետական կարևորության գերակա առաջադրանք:

Այսպիսով, եթե վերադառնանք վերնագրում հնչած հարցին, թե արդյոք բնությունը կարիք ունի, որ մենք նոր անտառներ ստեղծենք, ապա ամենայն վստահությամբ կարող ենք ասել, որ նոր անտառներ ստեղծելու կարիք ունի մարդկությունը՝ իր կենսագործունեությունը, բարեկեցությունն ապահովելու համար։ Բնությունն իր լուծումը միշտ կգտնի, և ինչ-որ հավասարակշռություն ցանկացած դեպքում կստեղծվի։ Այլ հարց է, թե արդյոք այդ հավասարակշռությունը հօգուտ մարդկության կլինի, եթե մենք շարունակենք միայն սպառել բնության ռեսուրսները։


Copyright © 2025. My Forest Armenia. All Rights Reserved