logo
ԱՆՏԱՌԻ ԴԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔՈՒՄ
անտառի դերը featured image

Author: Mary

   Հեղինակ՝ Գագիկ Ամիրյան

Մի անգամ, իմաստուն մի մարդ, իր աշակերտներին ուղարկելով անտառ, ասում է.

- Գնացեք անտառ և բերեք այնտեղից ինչ օգտակար է:

Յուրաքանչյուրը ինչ որ բան էր բերել. մեկը ուտելի բույս, մյուսը՝ սունկ և պտուղներ, մյուսն էլ՝ փայտ: Իսկ մեկ աշակերտ վերադարձել էր դատարկաձեռն: Իմաստունը գովեց վերջինիս: Երիտասարդը հասկացել էր, որ անտառում ամեն ինչն է օգտակար, իսկ ամբողջ անտառը հետը չէր կարող բերել:

Ահռելի է Անտառի Դերը Մարդկանց Կյանքում 

Անտառն իր բաղադրիչներով ու բազմաթիվ օղակներով բարդ էկոլոգիական համակարգ է: Ծառերը, թփերը, քարաքոսերը, մամուռները, սնկերը, կենդանիներն ու տարբեր միկրոօրգանիզմները անտառը կազմող հիմնական տարրերն են: Դրանք բոլորը փոխկապակցված են. կքանդես շղթայի մեկ օղակը՝ կավերվի համակարգը: 

Անտառները մեզ մատակարարում են փայտանյութ, խեժեր, դաբաղանյութեր, դեղամիջոցներ, վիտամիններ, տեխնիկական սպիրտ, օրգանական թթուներ: Անտառից մարդը ստանում է զանազան վայրի պտուղներ ու հատապտուղներ։ Ի վերջո, անտառներից է մարդը դարեր շարունակ ստացել թուղթ ու տարածել գրագիտությունը։ 

Սակայն անտառները արտադրում են ոչ միայն փայտանյութ և ոչ միայն տնտեսական օգուտ են տալիս:

Անտառները Պարզապես Ապահովում են Երկիր Մոլորակի Կյանքը 

Միջին արտադրողունակ ծառուտը մեկ տարվա ընթացքում կլանում է 2,9-4,1 տ ածխաթթու գազ (СО₂) և արտազատում 2,2-3,2տ թթվածին (О₂): Անտառային բուսականությունը 1 ժամվա ընթացքում 1հա-ի վրա կլանում է 8կգ աշխաթթու գազ, այնքան, որքան կարտաշնչեր 200 մարդ:

Շատ դժվար է դրամով գնահատել օդը փոշուց ու վնասակար գազերից, իսկ ջուրը աղտոտումից մաքրելու անտառի ունակությունը: Իրենց սաղարթով անտառները որսում են օդում կուտակված փոշու 50%-ը: Սա պարզապես զարմանալի ունակություն է։ Ծառերի վրա մինչև 60 անգամ ավելի է փոշի նստում, քան պատուհանի վրա և 10 անգամ ավելի՝ քան բացատում: 

Անտառի ծառերի սաղարթների գոլորշիացումից օդն ավելի է խոնավանում, այդ է պատճառը, որ անտառային շրջանները քիչ չորային են համեմատ անտառազուրկ լանդշաֆտների: Ծառերի արմատները, ստորերկրյա վերին շերտերից ներծծելով խոնավությունը, թույլ չեն տալիս դրանց մակարդակի իջեցումը՝ այսպիսով փրկելով  շրջակայքի բուսականությունը: 

Անտառը արտաթորում է կենսաբանական ակտիվ մանրէասպան նյութեր՝ ֆիտոնցիդներ: 1 հա տերևավոր անտառը ամեն օր ամռանը արտադրում է 2 կգ ֆիտոնցիդ, սոճու անտառը՝ 5 կգ, գիհու անտառը՝ շուրջ 30 կգ: Պատահական չէ ամենևին, որ շատ առողջարաններ ու հիվանդանոցներ կառուցվում են ասեղնատերևավոր անտառներում: Ասեղնատերև անտառներում օդը գրեթե ստերիլ է և պարունակում է 1 խմ օդի մեջ ընդամենը 200-300 բակտերիալ բջջիջ: Վիրահատարաններում, օրինակ, որտեղ ամեն ինչը, այդ թվում և օդը պետք է լինի ստերիլ, գոյություն ունեցող նորմաների համաձայն թուլատրվում է 500 միկրոօրգանիզմ 1մ³ օդում:

Ի տարբերություն բաց տարածքների, որտեղ անձրևաջրերի 50-60%-ը հոսում է ու կորչում, անտառածածկ լանջերի վրա (անգամ նույնիսկ 300 և ավելի թեքություն ունեցող) տեղումները գրեթե ամբողջությամբ ներծծվում են հողի մեջ՝ կանխարգելելով ու պահպանելով հողը էրոզիոն քայքայիչ գործընթացներից:

Անտառներին է վերապահված որոշիչ դերը՝ պաշտպանելու մեր երկրի և ընդհանրապես մարդկության վրա դամոկլյան սրի նման կախված կլիմայի փոփոխության աղետալի վտանգից՝ ոչ միայն ջերմոցային գազերի կլանման, այլև կայուն լանդշաֆտների ձևավորման հաշվին:

Անտառն անկապտելի աղերսներով է կապված մարդու հետ: Այն հոգեպես ու նյութապես մտած է մարդու կյանքի մեջ, որ նույնիսկ անհնար է նախատեսել, թե ինչ  ողբերգություն է սպասում մարդկությանը, եթե կորցնի այդ հիրավի բնական տիեզերական հարստությունը:

Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved