Անտառ են տնկում բիզնեսները. ԿՍՊ լավագույն փորձը

Ինչպե՞ս պայքարել անտառածածկույթի կորստի դեմ` լինելով բիզնես: Այս հարցը մեզ հաճախ են տալիս առաջադեմ ընկերությունները: Ներկայումս մենք ունենք 17 կորպորատիվ գործընկեր, որոնք ֆինանսավորում են անտառների ստեղծումը։ Այնուամենայնիվ, որոշ ընկերություններ ոչ միայն ֆինանսական աջակցություն են տրամադրում, այլ նաև իրենց թիմերին ու նույնիսկ հաճախորդներին ներգրավում են ծառատունկի աշխատանքներում կամ անտառվերականգնման այլ միջոցառումներում: Ստորև կպատմենք մեր ոգեշնչող համագործակցություններից մի քանիսը:

Պատասխանատու մշակույթի ձևավորում

Սինոփսիս Արմենիան հայտնի է իր աշխատակիցների շրջանում պատասխանատու մշակույթ ձևավորելով, ովքեր հաճախ զբաղվում են STEM, սոցիալական, էկոլոգիական, առողջապահական և այլ մարդասիրական նախաձեռնություններով՝ տրամադրելով իրենց ժամանակը, սերը և տաղանդը տեղական համայնքները հզորացնելուն: 2021 թվականին սկսեցինք մեր համագործակցությունը՝ տնկելով առաջին 2․000 ծառը։ Չնայած կամավորության հնարավորությունները կասեցվել էին COVID-19-ի ժամանակ, 2021 թվականի գարնան Synopsys Global Impact Day-ը նվիրված էր անտառվերականգնմանը։ Կազմակերպության 100-ից ավելի աշխատակիցներ մասնակցեցին «Անտառների վերականգնման մարտահրավերները» վեբինարին, որն անցկացրեց «Իմ անտառ Հայաստան»-ի հիմնադիր Անտրէ Գումուշճյանը:

2022 թվականի մայիսին ընկերությունը մեկնարկեց «Ներդրում անենք մեր Մոլորակում» կամավորական նախաձեռնությունը՝ նվիրված Երկրի օրվան։ Սինոփսիսի 35 աշխատակից կամավոր իրականացրեցին իրենց կողմից ֆինանսավորած 2․000 ծառերի մուլչապատումը: Այս ընկերության յուրահատուկ մշակույթի մասին ամենաոգեշնչող փաստը կամավորական ժամանակի մոնետիզացիան է։ Համաձայն Synopsys Special Matching Gift ծրագրի՝ ընկերությունը կամավորական աշխատանքի յուրաքանչյուր ժամը փոխակերպում է որոշակի գումարի, այնուհետև եռապատկում այդ գումարը և նվիրաբերում «Իմ անտառ Հայաստան»-ին՝ անտառ ստեղծելու համար։ Արդյունքում, յուրաքանչյուր աշխատողի կամավորության ժամն ունենում է քառակի ազդեցություն:

Մի դրամի ուժը

IDBank-ը և Idram վճարային համակարգը ծառեր տնկեցին իրենց համատեղ՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է 1 դրամ (0,002 դոլար) նվիրաբերել շահառու կազմակերպությանը՝ օգտատերերի կողմից Idram հավելվածի հարթակում կատարվող յուրաքանչյուր գործարքի համար։
Մեզ հետ համագործակցության 2 ամիսների՝ մարտի և ապրիլի ընթացքում ընդհանուր առմամբ ավելի քան 10 մլն. գործարք էր իրականացվել։ Արդյունքում 16.550 ծառ տնկվեց մեր Ջրաշենի անտառապատման տարածքում:
Ավելին, 150 աշխատակից կամավոր մասնակցեց անտառվերականգնման բազմաթիվ աշխատանքների՝ ծառատունկ, ցանքածածկ և ջրում: Սա կամավորների ամենամեծ թիմն էր, որ երբևէ հյուրընկալել էինք:

Ամանորյա հրաշքը ծառ կտրելու մեջ չէ

Այսպես էր կոչվում 2021-ի դեկտեմբերին EasyPay-ի նախաձեռնած ամանորյա արշավը։ Ընկերությունը խրախուսում էր իր հաճախորդներին ծառ տնկել՝ ամանորի տոնին եղևնի կտրելու և տոնից հետո այն դեն նետելու փոխարեն։ Նրանք հայտարարել էին, որ ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում իրենց համակարգում QR կոդով կատարվող յուրաքանչյուր վճարման համար մեկ ծառ են տնկում։ Արշավն ավարտվելու պահին կատարվել էր 2․740 QR վճարում։ 2022 թվականի գարնանային անտառտնկման ընթացքում մենք տնկեցինք այդ ծառերը «Դիլիջան» ազգային պարկի մեր անտառվերականգնման տարածքում:

Aregak UCOՀոբելյանական անտառ

Այս տարի իր հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ «Արեգակ» ՈՒՎԿ-ն որոշեց տնկել 25․000 ծառ՝ Ջրաշենի մեր անտառապատման տարածքում՝ հիմնելով 7 հա նոր անտառ: Սա հիանալի տարբերակ է տարեդարձը նշելու համար՝ միաժամանակ ունենալով էկոլոգիական ազդեցություն ամենախորհրդանշական և երկարաժամկետ ձևով, որն անտառ ստեղծելն է։

Գաղափարները վերածվում են ծառերի

Իտալական SOL Group-ը հաշվի առնելով իրենց գործունեության բացասական ազդեցությունը այս մոլորակի վրա, որոշեց շարժվել դեպի ավելի կայուն զարգացում: Նրանք վստահորեն ներգրավեցին իրենց աշխատակիցներին այս մարտահրավերն ընդունելու մեջ: SOL Group-ը խնդրեց բոլորին ակտիվ մասնակցություն ցուցաբերել՝ առաջարկելով կայուն գաղափարներ, որոնք նույնպես կվերածվեն բնության համար շոշափելի մի բանի՝ SOL Group-ի անտառի:

Կիսվելով գաղափարներով և նախագծերով՝ յուրաքանչյուր աշխատակից օգտագործեց իր կարծիքն արտահայտելու հնարավորությունը և բազմաթիվ առաջարկներ ներկայացրեց կազմակերպության տարբեր գործընթացներն (արտադրություն, առաքում և այլն) ավելի կայուն դարձնելու համար, որով կնպաստեն կազմակերպության գործունեության կայուն աճի զարգացմանը: Գլխավոր գրասենյակի կողմից տարածված և ստացված յուրաքանչյուր առաջարկի համար ընկերությունը պարտավորվեց տնկել 200 ծառ: Աշխատակիցներից շատերի ոգևորված մասնակցության շնորհիվ ընկերությունը տնկեց 50․000 ծառ: Ի՜նչ ֆանտաստիկ արդյունք։

Այս պատմություններով ոգեշնչվեցի՞ք։ Անտառների ստեղծումը շրջակա միջավայրի նկատմամբ ունեցած երկարաժամկետ նվիրվածության դրսևորումն է: Անտառվերականգնումը խթանող ընկերությունները շատ հզոր ուղերձ են հղում իրենց աշխատակիցներին և հաճախորդներին: Թույլ տվեք ձեզ երազել, երևակայել ու ստեղծագործել և դիմեք մեզ՝ միասին իրականություն դարձնելու ձեր յուրօրինակ մտքերը։