Մեր առաջին ջերմոցը. շնորհակալություն Գարի և Լինդա Ասարյաններին ֆինանսավորման համար

Այս տարին մեզ համար կարևորվում է ևս մեկ նշանակալի իրադարձությամբ․ Գարի և Լինդա Ասարյանների ֆինանսական աջակցության շնորհիվ կարողացանք կառուցել մեր առաջին ջերմոցը։ 

Ջերմոց կառուցելու գաղափարն առաջացել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ  քննարկումների արդյունքում։

«Ագրարային համալսարանի հետ ունեցած այս համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար, քանի որ այսպիսով մենք կկարողանանք մեր փոքրիկ ներդրումն ունենալ ուսանողների կրթության գործընթացում։ Ոլորտով հետաքրքրված ուսանողները կարող են ներգրավված լինել ոչ միայն ջերմոցի աշխատանքներում, այլ նաև տնկարաններում և առհասարակ My Forest Armenia-ի գործունեության այլ փուլերում՝ այսպիսով կրթությանը զուգահեռ ձեռք բերելով նաև պրակտիկ փորձ»,- նշում է My Forest Armenia-ի հիմնադիր տնօրեն Անդրե Գումուշճեանը:

Ջերմոցի հիմնական նպատակը տնկիների փակ արմատային համակարգով ինտեսիվ աճեցումն է։ Յոթ-ութ ամսում այստեղ կաճեն անտառում ինքնուրույն կյանք վարելու պատրաստ տնկիներ, այդ թվում նաև տեսակներ, որոնց բաց գրունտում աճեցնելը բավականին բարդ է։

Այս պահին զբաղված ենք հողային խառնուրդի պատրաստման և թաղարները հողախառնուրդով լցնելու աշխատանքներով։ Մարտի սկզբին կցանենք առաջին սերմերը՝ կեչի, լորենի, հաճարենի, սոճի։