Բնապահպանական կրթություն

Բնապահպահպանական կրթության դասընթացներ

Բնապահպանական կրթության ծրագրի նպատակն է սովորեցնել երիտասարդ սերնդին, թե ինչպես է գործում բնական միջավայրը, հատկապես, ինչպես կարող են մարդիկ իրենց վարքագիծը հարմարեցնել բնական էկոհամակարգում կայուն ապրելուն։ Ծրագրի շրջանակներում մենք ներգրավում ենք ոլորտի նվիրյալ մասնագետներին, ովքեր տեղեկատվական դասընթացներ են անցկացնում այնպիսի բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են ածխածնային արտանետումները, սննդային շղթայի ազդեցությունը, անտառների վերացումը և այլն, ինչպես նաև յուրաքանչյուրիս դերն այս խնդիրների լուծման մեջ։ Այս ծրագրի նպատակն է նաև անցկացնել գործնական դասընթացներ, որպեսզի երիտասարդները կարողանան արդյունավետորեն մասնակցել այնպիսի աշխատանքների, ինչպիսիք են սերմնահավաքը, ծառատունկը և այլ գործողություններ։

Համայնքային դասընթացներ

Մեր ծրագրերի շրջանակներում (սերմերի ծրագիր, տնկարաններ և անտառվերականգնում) մենք ներգրավում ենք բազմաթիվ համայնքներ, որտեղ իրականացնում ենք ծրագրեր։ Բնականաբար առաջին քայլը տեղի բնակչության ներգրավված հատվածին վերապատրաստելն ու տեղեկացվածության բարձրացումն է բնապահպանական հարցերի շուրջ։ Այս առիթով մենք կազմակերպում ենք տարբեր դասընթացներ։ Հաշվի առնելով զբաղվածության խնդիրները գյուղական վայրերում՝ այս ծրագիրը հնարավորություն է տեղի բնակչության համար մասնագիտական ուսուցում ստանալու անտառվերականգնման ոլորտում և անցնելու վճարովի աշխատանքի։ 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ մենք արդեն աշխատանքի ենք ընդունել 17 հոգու գյուղական չորս համայնքներից։ Տարվա ընթացքում կսկսենք այս ծրագիրն իրականացնել Լոռվա մարզի ևս ութ համայնքներում։