Աշնանային ծառատունկն ավարտված է․ ավելի քան 242,000 ծառ կամ 80 հեկտար նոր անտառ

242․348․ ճիշտ այսքան ծառեր այս աշնանը զբաղեցրին իրենց տեղերը Լոռու մարզի Ջրաշեն ու Շիրակամուտ համայքների տարածքներում և Դիլիջան ազգային պարկում՝ դառնալով ավելի քան 80 հեկտար տարածքով նոր անտառների սկիբը։  Այս պահից սկսվում է նոր աշխատանք մեր թիմի համար․ հետևել,  որպեսզի յուրաքանչյուր տնկած ծառ ի վերջո դառնա մեր երկրի անտառածածկույթի մաս։

Ինչպես նկատում է «My Forest Armenia»-ի գործառնական տնօրեն Վահե Մարտիրոսյանը, որպես մեր աշխատանքի  առաջնային արդյունք միշտ համարել ու համարում ենք ոչ այնքան տնկված ծառերի քանակը, որքան համակողմանի հոգատար վերաբերմունքը յուրաքանչյուր տնկիի նկատմամբ՝ սերմից մինչև ծառատունկ, որպեսզի հնարավորինս մեծ քանակությամբ տնկիներ դառնան հասուն ծառեր։ «Ծառատունկի գործընթացը չի սահմանափակվում լոկ տնկին կամ սերմը հողի մեջ դնելով։ Այն համբերատար ու հոգատար աշխատանքի երկարաժամկետ պրոցես է, որտեղ պետք է գերակա նպատակը լինի ոչ թե  մեծաքանակ ծառեր տնկելը, այլ դրանց նկատմամբ հետևողական աշխատանք տանելը, որպեսզի այդ ծառերը աճեն, մեծանան ու անտառ դառնան», – նշում է Վահեն։

Այս կարևոր գործի գրեթե բոլոր փուլերում մենք ներգրավում ենք տեղի բնակիչներին՝ դրանով մասամբ կամ էականորեն լուծելով նրանց զբաղվածության խնդիրը, ինչպես նաև նրանց դարձնելով «կանաչ դեսպաններ»։ 

Ձմռան ամիսներին մեր թիմի բոլոր անդամները կպատրաստվեն գարնանային ծառատունկին, եւ մենք նոր էներգիայով կլծվենք Հայաստանն ավելի կանաչ ու առողջ վայր դարձնելու մեր գործին։