«Անտառվերականգնմանը նպաստելը սոցիալական բարձրագույն գիտակցություն է։»
Ժիրայր Չոլակյանի հարցազրույցը «My Forest Armenia»-ի հիմնադիր Անդրե Գումուշճեանի հետ
ՆՅ — Դուք նախաձեռնել եք «My Forest Armenia» ծառատնկման ծրագիրը, որի հիմնական նպատակը Էկոլոգիական վնասների համար մարդկանց պատասխանատու դարձնելն է։ Ինչպե՞ս է աշխատում Ձեր մշակած ծրագիրը, ինչպե՞ս է աշխատում Ձեր կայքը։ Ինչպե՞ս կարող են մարդիկ նպաստել անտառվերականգնմանը և ծառատունկին։
Ա․Գ․ — Գաղափարը կայանում է նրանում, որ անհատները, կազմակերպությունները և առհասարակ բոլորը կարող են ծառեր տնկել ջերմոցային գազերի ազդեցությունը մեղմելու նպատակով։ Մեր կայքը՝ www.myforestarmenia.org-ը ներառում է շատ հեշտ օգտագործման ածխածնի հաշվիչ, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին ներմուծել իրենց կենսակերպի տարբեր չափանիշները և հաշվել իրենց ածխածնային արտանետումները։ Այնուհետև կարող է փոխհատուցել ստացված արդյունքը՝ տնկելով համապատասխան քանակի ծառեր։
ՆՅ — Ե՞րբ արթնացավ Ձեր անհանգստությունը բնության հանդեպ, ինչպե՞ս արտահայտվեց այն բնության պահպանության ոլորտում։
Ա․Գ․ — Դա աստիճանաբար սկսվեց, բայց սաստկացավ 2018-ին, երբ գիտակցեցի՝ որքան CO2 է արտանետվում բրածո վառելիքի այրումից։
Ինչ-որ բան պետք է արվեր։ Այսպիսով որոշեցի ստեղծել մի ընկերակցություն ծառեր տնկելու նպատակով։ Այն, իհարկե, միակը չէ։ Շատ կազմակերպություններ կան, որոնք առաջարկում են փոխհատուցել ածխածնային արտանետումները, և դրանցից շատերը գոյություն ունեն ավելի քան 10 տարի։ Մեր տարբերությունն աշխարհագրական է․ Աֆրիկայում կամ Ասիայում տնկելու փոխարեն ինչու՞ չտնկել Հայաստանում։
ՆՅ — Ե՞րբ և ինչպե՞ս ունեցաք «My Forest Armenia»-ն ստեղծելու գաղափարը։ Ինչպիսի՞ն է բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության վիճակը Հայաստանում՝ հասարակական և պետական մակարդակներում։
Ա․Գ. — Գաղափարն իսկապես ձևավորվեց 2019-ի ապրիլին։ «My Forest Armenia»-ն պաշտոնապես գրանցվեց 2019-ի հունիսին։
Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներում վիճակը նույնն է՝ դեռ սկզբում ենք։ Պետական մակարդակում լուրջ փոփոխություն եղավ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով։ Այս խնդրին գերակա նշանակություն է տրվում։ Այնուամենայնիվ, երկրի տնտեսական վիճակը թույլ չի տալիս մեզ կատարել ավելի համարձակ ընտրություններ, ինչն իմ կարծիքով սխալ է։ Խստագույն բնապահպանական չափանիշներ կիրառելը բնակիչների և երկրի համար հեռանկարային փոխհատուցում կստանա։
ՆՅ — Որքա՞ն պետք է վճարի մարդը մեկ կիլոգրամ CO2-ի դիմաց։
Ա․Գ․ — Որտեղ էլ լինես կարող ես փոխհատուցել ածխաթթու գազի քո արտանետումները My Forest Armenia-ի հետ։ Գինը 25 ԱՄՆ դոլար է մեկ տոննա CO2 կլանելու համար։ Այնուամենայնիվ յուրաքանչյուր կազմակերպություն իր չափանիշներն է օգտագործում։ Ըստ մեզ մեկ տոննա CO2-ը կկլանվի ութ տարում, երբ ծառը մեծացած կլինի, այսպիսով պետք է ևս 10-20 տարի ավելացնես։ Ի վերջո, այսօր փոխհատուցածդ ածխածնի արտանետումը ամբողջությամբ կկլանվի մինչև 28 տարի հետո։ Դա երկար ժամանակ է, բայց սա ոչինչ չանելուց ավելի լավ է։ Մյուս կողմից, ծառը միջինում ապրում է 200 տարի, այսինքն շրջակա միջավայրի օգուտը կշարունակվի շատ երկար ժամանակ։
«Հետագայում․․․ գիտակցեցի որքան կարևոր են անտառները մեր մոլորակի կյանքի համար։»
ՆՅ — Քանի կիլոգրամ CO2 է «մաքրում» մեկ ծառը մեկ օրվա ընթացքում։
Ա․Գ․ — Ցավոք, դա ոչ թե օրերով է հաշվարկվում, այլ՝ տարիներով։ Ծառը կլանում է 15-25 կգ CO2 մեկ տարում։ Որպես հաշվարկման հիմք մենք վերցրել ենք, որ մեկ ծառը կլանում է 200 կգ ութ տարում։
Մարդիկ պետք է իմանան, որ CO2 փոխհատուցելը լավ է, բայց իրականում պետք է դադարես այն արտադրել։
Հետագայում, որոշակի հետազոտություններ անելուց հետո, ես գիտակցեցի, թե որքան կարևոր են անտառները մեր մոլորակի կյանքի համար։ Այնքան, որ CO2-ի կլանումն իսկապես անտառների տված բարիքների մի փոքր մասն է միայն։ Յուրաքանչյուր երկրի համար մեծ անտառածածկույթ ունենալը հույժ կարևոր է։
ՆՅ — Մեկ ամսվա համար քանի՞ դոլար պետք է վճարես որպես բնապահպանական հարկ, որպեսզի խիղճդ հանգիստ լինի։
Ա․Գ․ — Մեր հասարակությունում մարդը սպառում կամ ավելի ճիշտ արտանետում է միջինում 10-30 տոննա CO2 տարեկան։ Եթե նա հաճախ է ճամփորդում ինքնաթիռով, այս թիվն արագորեն կարող է կրկնապատկվել։ Եթե վերցնենք, օրինակ, տարեկան 24 տոննայի արտանետում, դա կազմում է ամսական 2 տոննա կամ 50 ԱՄՆ դոլար, այսպիսով թիվը մեծ չէ։
ՆՅ — «Armenia Tree Project»-ը գործում է ավելի քան 20 տարի՝ տնկելով 200 000 ծառ տարեկան։ Քանի՞ քառակուսի մետր է կազմում 200 000 ծառը։
Ա․Գ․ — Փորձագետները խորհուրդ են տալիս տնկել 2500 և 2800 ծառ ամեն հեկտարի համար։ 200 000 ծառը կլինի մոտ 80 հեկտար, այնուամենայնիվ «Էյ Թի Փի»-ն իրականացնում է տնկման բազմաթիվ համայնքային ծրագրեր, այսինքն դպրոցների կամ վանքերի շրջակայքում, անտառվերականգնումը նրանց գործունեության մի մասն է միայն։ «My Forest Armenia»-ն ծավալելու է իր գործունեությունը միայն անտառվերականգնման և անտառապատման ուղղությամբ, այսինքն տնկելու է այն տարածքներում, որոնք վերջին շրջանում անտառածածկ չեն եղել։
ՆՅ — Ո՞րն է «My Forest Armenia»-ի նպատակը։ Որքա՞ն կարժենա այս ծրագիրը տարեկան։
Ա․Գ․ — Մեր նպատակն է տնկել տարեկան 400 000 ծառ։ Դրան հասնելու համար տարեկան բյուջեն կլինի մոտ 1 մլն ԱՄՆ դոլար։ Այս պարագայում տնկած մեկ ծառի արժեքը կարող է ընկնել մինչև 2,50 ԱՄՆ դոլար կամ ավելի ցածր։ Պետք է նշել, որ արժեքի 70%-ը ծախսվում է ծառերը տնկելուց հետո իրականացվող խնամքի վրա։ Խնամքն ու հետևելը պետք է իրականացվի 6 տարի շարունակ։ Ես պնդում եմ, որ ինչ տնկում ենք, պետք է ապրի և աճի։ Իմաստ չկա ծառեր տնկելու և թողնելու, որ դրանք մեռնեն մի քանի տարի հետո։ Մենք պետք է վստահ լինենք, որ ծիլերը ծառեր են դառնում, որոնք ստեղծում են անտառներ։
ՆՅ — Սերմերը տեղու՞մ եք աճեցնում, թե՞ ներմուծում եք։
Ա․Գ․ — Ամեն ինչ տեղում է արվում։ Կարևոր է իմանալ, որ անտառվերականգնման խոշոր ծրագիր իրականացնելու համար, նախ և առաջ պետք է վստահ լինեք, որ երիտասարդ բույսերի ծավալուն մատակարարում ունեք։ Դրա համար պետք է հավաքել սերմերը անտառներում, ցանել դրանք տնկարաններում և հետո տնկել անտառվերականգնման տարածքներում։ Տնկարանում բույսի մնալու ժամանակահատվածը տատանվում է մեկից երեք տարվա արանքում՝ կախված ծառատեսակից։
«Համաշխարհային տաքացման դեմ պայքարն անբաժանելի է կենսաբազմազանության պահպանումից։»
ՆՅ — Ի՞նչ տեսակի ծառեր եք պատրաստվում տնկել։ Կա՞ն առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել Հայաստանի բնության պարագայում։
Ա․Գ․ — Սա շատ կարևոր հարց է։ Համաշխարհային տաքացման դեմ պայքարն անբաժանելի է կենսաբազմազանության պահպանումից։ Հայաստանը բարեբախտաբար ունի լավագույն կենսաբազմազանությունը Կովկասում։ Այն պահպանելու համար անհրաժեշտ է օգտագործել միայն տեղական տեսակներ՝ էնդեմիկ այն տարածքի համար, որտեղ պատրաստվում ենք անտառ վերականգնել։ Շատերն են գայթակղվում արագ աճող օտար ծառատեսակներ տնկելով։
Վտանգն այն է, որ այս տեսակներն ինվազիվ են ի վնաս մեր անտառներում գոյություն ունեցող ծառատեսակների, և սա իրենից հավելյալ ռիսկ է ներկայացնում, քանի որ հիվանդություն լինելու դեպքում, ողջ անտառը կվերանա։
Մենք հիմնականում օգտագործելու ենք կաղնի, հաճարենի, սոճի, նշենի, հացենի, կեչի և այլ տեղական ծառատեսակներ, ինչպիսին է, օրինակ, Quercus Macranthera-ն, որը Հայաստանում ու Պարսկաստանում հանդիպող կաղնու տեսակ է։ Բայց նաև տնկելու ենք այնպիսի մրգատու ծառեր, ինչպիսիք են վայրի տանձենին, պնդուկենին, ընկուզենին և այլն։ Մասնագետները նաև խորհուրդ են տալիս տնկել 30% թփեր։ Ինչու՞։ Որովհետև դրանց հատապտուղները գրավում են միջատներին, թռչուններին և այլն, ու այս ամենն ստեղծում է համալիր էկոհամակարգ, ինչն անտառներն ավելի կայուն է դարձնում։
ՆՅ — Այս ամենը լավ է և նոր ծառեր տնկելն էլ լավ է, բայց ի՞նչ կասեք Հայաստանում անտառը պահպանելու մասին։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ սահմանված քաղաքականություն այս ոլորտում։
Ա․Գ․ — Դուք լիովին իրավացի եք, առաջնային կարևորությունն անպայման մեր արդեն գոյություն ունեցող անտառների պահպանությունն է։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ուժեղ ազդանշան տվեց անցյալ ամռանը։ Այնքան ուժեղ, որ ցույցեր եղան։ Ասել է, թե շատ գյուղացիներ նույնպես հասկանում են անտառների կարևորությունը։
Հայաստանի անտառածածկույթն պաշտոնական տվյալներով կազմում է 11.2%, գնահատվում է, որ իրականում այդ թիվը կարող է լինել 8-9%։ Թուրքիայինը 27% է, Վրաստանինը՝ 41%։ ԱՄՆ-ը ունի 34%։ Հետևաբար հրատապ է եղածը պահպանելը և Հայաստանի անտառածածկույթը մեծացնելը։
Հրավիրում եմ յուրաքանչյուր ընթերցողի միանալու այս համազգային ջանքերին հնարավորինս շատ ծառեր տնկելով, անգամ հրավիրում եմ այլ ընկերակցությունների սկսելու անտառվերականգնման ծրագրեր Հայաստանում, մենք սիրով կօգնենք նրանց։ Հայաստանն ունի դրա կարիքը։
Ձեզ սթափ գնահատական կտամ, որը կօգնի հասկանալ խնդրի ծավալը․ Հայաստանի տարածքը կազմում է 30 000 կմ², դրա 1%-ը կազմում է 300 կմ² կամ 30 000 հեկտար։ Եթե մենք կարողանանք հասնել մեր նպատակին, տնկելով տարեկան 400 000 ծառ, կծածկենք տարեկան 160 հա, ինչը նշանակում է, որ մեզնից կպահանջվի 187 տարի, որպեսզի Հայաստանի անտառածածկույթը մեծացնենք․․․ 1%-ով։
Վերջապես, ահա մի կարևոր նկատառում։ Անտառվերականգնման մեջ ներգրավվելն ունի ակնհայտ սոցիալական նշանակություն։ Որովհետև վերջ ի վերջո, հենց գյուղացիներն են իրականացնում հիմնական աշխատանքը՝ սերմնահավաքը, տնկարանների խնամքը, լեռնային մարգագետիններում տնկելը և այլն։ Այս ամենը շատ մարդկանց աշխատանքով է ապահովում և նպաստում գյուղերի տնտեսական զարգացմանը։ Այնքան որ, երբեմն մտածում եմ՝ արդյոք սա մեր գործունեության ամենակարևոր չափանիշը չէ՞։ Քանի որ ի վերջո, մեր հավաքած բոլոր գումարները վճարում են շատ գյուղացիների աշխատավարձը, ոչ թե բնապահպանական գործունեությունը։ Իրականում այս երկուսը փոխկապակցված են․ օգնելով մարդկանց՝ օգնում ենք անտառներին, մեծացնելով անտառներն՝ օգնում ենք մարդկանց։
Հրավիրում եմ Ձեր ընթերցողներին մեծ թվով ծառեր տնկելու «My Forest Armenia»-ի հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ ֆրանսերենով կարող եք կարդալ Նոր Յառաջի 2020 թ․-ի մայիսի 7-ի 198-րդ համարում։